«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևողականորեն հերքում է:

Loading...

Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաև Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները և ԿԱ ՊԵԿ ղեկավարները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաև կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաև Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաև խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ևս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձևավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...