Aravot.am-ը գրում է.

Ընտրություններն ավարտվեցին: Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ կենտրոնական շտաբն այս պահին մարդաշատ է: ՀՀԿ-ի կենտրոնական շտաբում են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ ԳՄ-ի անդամներ:

Loading...

Ամփոփելով ընտրությունների այս փուլը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արձանագրում ենք առաջին հաղթանակը` հաղթանակ հասարակության եւ քաղաքական ուժերի համար: Ըստ նրա, ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Սահմանադրությամբ առավել ժողովրդավար Հայաստան կառուցելու մեր ցանկությունը կյանքի է կոչվում:

Արմեն Աշոտյանը կարեւոր է համարում նաեւ թե ո՞վ է հաղթելու ընտրություններում, ինչպիսի՞ Հայաստան ենք վաղն ունենալու, բայց այդ ամենը`ԿԸՀ-ում արդյունքների ամփոփումից հետո: Արմեն Աշոտյանը հուսով է, որ ընտրությունների երկրորդ փուլը` հաշվարկը նույնքան կազմակերպված կլինի:

«Հետընտրական զարգացումները չեն կարող տեղի ունենալ, եթե դրանց համար պարարտ հող չլինի`ընտրախախտումներ, որոնք ստվեր կգցեն ընտրական գործընթացների վրա: Բայց, ինչպես արդեն փաստել ենք նման բաներ չեղան:

Ահազանգերի մի զգալի մասն էլ իրականությանը չէր համապատասխանում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը`հավելելով. «Միասին համազգային եւ համապետական հաղթանակ ենք արձանագրում`սրտատրոփ սպասելով ԿԸՀ-ում արդյունքների ամփոփմանը»:

Լրագրողներից մեկը նկատեց`քիչ առաջ, մամուլի ասուլիսում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն շատ ընտրակեղծիքներ է արել: Արմեն Աշոտյանը հիշեց`Բրյուսելում Հովսեփի հետ երկար ճանապարհ ենք անցել ու դեռ կանցնենք եւ ասաց. «Ես զերծ կմնամ պիտակավորումների մոլուցքից»:

Загрузка...