1in.am— ը գրում է

Ավտովթարի հետևանքով 30 տարեկանում երեկ կյանքից հեռացավ մեր տիտղոսակիր ծանրորդներից Աղասի Աղասյանը: Վերջինս իր կարիերայի ընթացքում աչքի էր ընկել ոչ միայն տպավորիչ նվաճումներով, այլև նախանձելի սկզբունքայնությամբ, բարձր մարդկային որակներով: Նրա անցած ճանապարհը օրինակ պետք է ծառայի մեր մարզիկների համար, որոնք սկսել են պայքարը մեծ սպորտում:

Աղասյանը մեծ սպորտին հրաժեշտ էր տվել դեռևս 2017 թվականին: Հրաժեշտի քայլով Աղասյանը մերկացրել էր այն արատավոր համակարգը, որը տիրում էր մեր սպորտում: 2017 թվականը հայկական սպորտի համար սկսվել էր սկանդալով: Ականատեսը եղանք նախադեպը չունեցող մի երևույթի, որը անտարբեր չթողեց նաև սպորտի նկատմամբ անտարբեր անձանց: Ծանրամարտի Հայաստանի առաջնության ժամանակ Աղասի Աղասյանը, մրցահարթակում թողնելով մարզակոշիկները, հեռացել էր՝ հայտարարելով, որ հրաժեշտ է տալիս մեծ սպորտին: «Ես հեռանում եմ ծանրամարտից հպարտ, բարձր ճակատով և թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ մարզակոշիկներից էժան են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աղասյանը:

Loading...

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մոտ 400 գրամ ավելի անձնական քաշի պատճառով Աղասյանին թույլ չէր տվել մասնակցել 85 քաշայինների մրցումներին: 94 քաշային կարգում Աղասյանը 344 կգ արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ՝ 20 կգ ավելի բարձրացնելով 85 քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովհաննիսյանից: Ի դեպ, մրցումից առաջ Աղասյանը Ալավերդյանին խնդրել էր, որպեսզի վերջինս հնարավորություն տա, այսպես ասած, գցելու ավելի քաշը: Ու փաստորեն այս կերպ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը Աղասյանին զրկել էր ոսկե մեդալից, ինչը բավական ցավալի հետևանք ունեցավ: Եթե Աղասյանը ելույթ ունենար 85 քաշային կարգում, ՀՀ առաջնությունում կգրանցվեր բավական բարձր արդյունք:

Աղասյանը հրաժեշտից հետո բարձրաձայնել էր հայկական ծանրամարտում առկա արատավոր երևույթների մասին, որոնք մասնավորապես վերաբերում են ծանոթ-բարեկամներին առաջ տանելուն և ֆինանսական խնդիրներին:

Աղասյանը վերջին տասնամյակում բազմաթիվ մեդալներ էր նվաճել մեր երկրի համար, իսկ 2011 թվականին դարձել է Համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող: 2017 թվականին, երբ հայկական սպորտը անմխիթար վիճակում էր, կորցրինք մի մարզիկի, ով իր քաշային կարգում կարող էր բարձր արդյունքների հասնել և տիտղոսներ նվաճել: Շատ երկրներ կցանկանային ունենալ Աղասյանի պես ծանրորդ: 2016 թվականին Եվրոպայի առաջնությունում նա 346 կգ արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը:

Անկախությունից հետո հարյուրավոր մարզիկներ, չդիմանալով ծանր պայմաններին, լքել էին Հայաստանը և մեդալներ նվաճել այլ երկրների համար: Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Հայաստանը լքեց 2000 թվականին՝ Սիդնեյի օլիմպիական խաղերից չվերադառնալով, այնուհետև ներկայացնելով Ավստրալիան: Նման օրինակները, ցավոք, շատ են: Նրանց մեղադրելն, ինչ խոսք, ճիշտ չի լինի, քանզի պրոֆեսիոնալ մարզիկի ապրուստի միջոցը հենց սպորտն է: Ու փոխանակ «աչքի լույսի» պես նայեինք մարզիկներին, ովքեր առկա պայմաններում չէին լքում Հայաստանը և մեդալ էին նվաճում, հալածում էինք նրանց:

Աղասյանն իր քայլով ցնցել էր սպորտային հասարակությանը: Նա կարող էր լուռ հեռանալ և որոշ ժամանակ անց հարթակ դուրս գալ, ասենք, Ռուսաստանի հավաքականից: Բայց Աղասյանը բարձր արդյունք ցույց տալով և «խաչ քաշելով» իր կարիերայի վրա՝ ցույց տվեց, թե ինչ է կատարվում հայկական սպորտում:

Երեկ ցավալի լուրը լսելուց հետո շատերի մեջ ծագեց հետևյալ հարցը՝ արդյոք ողբերգությունը տեղի կունենա՞ր, եթե Աղասի Աղասյանը շարունակեր զբաղվել ծանրամարտով: Շատերը կհամաձայնեն, որ եթե չլինեին խտրական մոտեցումներն ու արատավոր երևույթները, շատ հնարավոր է այսօր տաղանդավոր ծանրորդը լիներ բոլորովին այլ հարթության վրա, մեր կողքին: Ողջ կյանքը ծանրամարտին նվիրած մարզիկը տղամարդկային իր քայլով փայլուն արդյունք գրանցելով հեռացել էր սպորտից՝ անցնելով այլ աշխատանքի: Ու փաստորեն 2017 թվականի Աղասյանի ցնցող քայլը կյանքի գին ունեցավ նրա համար:

շարունակությունը այստեղ

Загрузка...