Tert.am Life-ը գրում է.

Հեռուստատեսային դադարից հետո դերասան Ալեքսանդր Խաչատրյանը սկսել է նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալում։ Նա առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները դերասանը վստահել է Tert.am Life-ին: Նրա հետ զրուցել ենք նաև էկրանից այն կողմ իր նախասիրության մասին։

Դերասանի խոսքով՝ նախնական առաջարկը Ելենայից եղել է «Մոր խոստումը» հեռուստասերիալում հանդես գալու համար, սակայն երկրից բացակայելու պատճառով չի կարողացել նկարահանվել։ «Չնայած առաջին առաջարկն ընդունել չկարողացա, Ելենա Արշակյանի հետ պայմանավորվեցի, որ անպայման մասնակցություն  կունենամ իր հաջորդ հեռուստասերիալում: Այդպես էլ եղավ։ Ելենայի հետ առաջին անգամ եմ աշխատում, հուսով եմ, ոչ վերջին։ Նախագիծը նոր ենք սկսել, ամեն ինչ լավ է, կարծում եմ, մեր համագործակցությունը կստացվի»,- ասաց դերասանը։

Loading...

Թե ինչ կերպարով հեռուստադիտողները նրան կտեսնեն «Պատվից առավել» հեռուստասերիալում, դերասանը շատ չմանրամասնեց՝ նշելով, որ դեռ ինքն էլ հստակ որևէ բան ասել չի կարող։ «Կերպարիս հետ կապված մանրամասներ դեռ չգիտեմ, չգիտեմ, թե ինչ զարգացումներ են սպասվում, քանի որ հեռուստասերիալների  դեպքում սցենարն ընթացքում է գրվում։ Ըստ իս՝ կերպարս բավականին հետաքրքիր կլինի, որովհետև ինքն իր հետ անձնական հակասությունների մեջ է՝ կա պատվի խնդիր, հոգու պարտքի խնդիր և, ամենակարևորը, զավակի խնդիր։ Այսինքն, այս ամենը հակադրվում է, ինչը շատ  հետաքրքիր է։ Հուսով եմ՝ կկարողանամ կերպարս է՛լ ավելի հետաքրքրացնել»,- ասաց Ալեքսանդր Խաչատրյանը։

Վերջինս դեռ վաղ է համարում ասել՝ հեռուստադիտողներն իրեն կտեսնեն դրակա՞ն, թե՞ բացասական կերպարով․ «Հերոսս կլինի իր դրական ու բացասական հատկանիշներով, մարդ՝ իր թուլություններով և ուժով։ Աշխատում ենք ստանալ լիարժեք մարդու կերպար»։

Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ բացասական կերպարներ կերտելն իր հետաքրքրությունն ունի․ «Բացասական կերպար մարմնավորելն այնքանով է հետաքրքիր, որ կարողանում ես այդքան բացասական բնավորության գծերի մեջ գտնել դրական ինչ-որ բան։ Այսինքն՝ դերասանն այս դեպքում իր առաջ խնդիր ունի բացասականի ֆոնին ցույց տալ դրականը։ Այս ամենի մեջ փոքր-ինչ հակասություն կա, բայց, կարծում եմ, հենց այդ հակասությունն է, որ բացասական կերպարի վրա աշխատելն ավելի հետաքրքիր է դարձնում»։

Ինչ վերաբերում է նոր թիմի հետ համագործակցությանը՝ դերասանը նշեց, որ ամեն ինչ առջևում է։ «Ես գիտեմ, վստահ եմ, որ մենք շատ շնորհալի  երիտասարդություն ունենք, իմ բոլոր խաղընկերները նույնպես շնորհալի են, և մեր համագործակցությունը բարձր մակարդակի կլինի»։

Ալեքսանդր Խաչատրյանին հեռուստադիտողներն ավելի հաճախ տեսել են Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալներում։ Դերասանի խոսքով՝ նրա հետ որևէ խնդիր չեն ունեցել․ «Ես շատերի հետ եմ համագործակցել և շարունակում եմ համագործակցել։ Դիանայի հետ բեղմնավոր աշխատանք ենք ունեցել և, կարծում եմ, էլի կունենանք։ Որևէ խնդիր այդ մասով չկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...