Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այսօր եւ դրանց գագաթնակետն ու ամենակարեւոր միջոցառումը հենց այդ համաժողովն է, որից, փաստորեն, Հայաստանի վարչապետը բացակայելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր պարզվեց, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցելու Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ:

Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այսօր եւ դրանց գագաթնակետն ու ամենակարեւոր միջոցառումը հենց այդ համաժողովն է, որից, փաստորեն, Հայաստանի վարչապետը բացակայելու է:

Loading...

Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին եւ համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձեւաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը վաղը ներկայացված կլինի ընդամենը արտգործնախարարի մակարդակով:

Այս պահին կարող եմ ենթադրել այս քայլի երեք հիմնական պատճառ, որոնցից եւ ոչ մեկը սակայն չի արդարացնում Հայաստանի վարչապետի վաղվա բացակայությունը:

Վարկած N1: Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է Պեկին եւ ժամերի խնդիր ունի: Իհարկե, այս այցը նույնպես կարեւոր կլինի, հատկապես «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» ֆորումին բացակայելուց հետո: Սակայն չի կարելի մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի քթի տակից ամենակարոեւր միջոցառումից բացակայելով: Կարելի էր ավելի լավ աշխատել այցերի ժամանակացույցի եւ արարողակարգի վրա եւ խուսափել այս մեծ անախորժությունից, որը կարող է նստվածք թողնել Բրյուսելում:

Վարկած N2: Նիկոլ Փաշինյանը չի մոռացել եւ չի ներել Յունկերին իր Բրյուսելյան այցի մամուլի ասուլիսի կեսից գնալու փաստը, եւ այս անգամ որոշել է մասնակցել միայն Տուսկի միջոցառմանը, իսկ Յունկերինը՝ բաց թողնել: Չեմ ուզում հավատալ, որ այս վարկածը իրականության հետ աղերս ունի, քանզի կվկայի ԵՄ-Հայաստան հարաբերություններում շատ խորը եւ համապարփակ կնճիռների մասին:

Վարկած N3: Վերջին շաբաթներին շատ է խոսվել ԵՄ-Ադրբեջան նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախաստորագրման մասին, որի առնչությամբ ես բարձրաձայնել եմ նաեւ անհանգստություններ՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ձեւակերպումների հետ: Եթե վաղը հայտարարվի այս համաձայնագրի նախապատրաստման ավարտի մասին եւ պարզվի, որ մեր կառավարությանը չի հաջողվել ԵՄ-ից ստանալ Արցախի հարցով Հայաստանի պայմանագրի հետ համադրելի եւ նույնական ձեւակերպումներ, ապա գուցե Նիկոլ Փաշինյանը որոշել է բացակայել այս միջոցառումից եւ ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ու տհաճությունը բարդել արտգործնախարարի վրա: Սակայն, եթե պարզվեց, որ սա է իրականությունը եւ Հայաստանի այսօրվա կառավարությանը չի հաջողվել ամրապնդել մեր, դեռեւս 2017 թվականի նոյեմբերին տարած դիվանագիտական հաղթանակը, ապա այս խմորը մեկ է, դեռ շատ ջուր կքաշի:

Թվարկածս միայն վարկածներ են, եւ լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացատրրի հայ հասարակությանը այս թյուրիմացության իրական պատճառները, որը չի համապատասխանում եւ համահունչ է չէ Հայաստան-ԵՄ տարիների ընթացքում ձեւավորված հարաբերություններին»։

Loading...