Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել. Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Loading...

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։

Իրավապահները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, ու Երեւանի ոստիկանապետի կողմից ստեղծված օպերատիվ խումբը տաք հետքերով, կարելի է ասել, 1 ժամվա ընթացքում, հայտնաբերել է կասկածյալին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Ս.-ն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։

Աղբյուրի տեղեկություններով, սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Loading...