Armtimes.com-ը գրում է․

Օրեր առաջ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտարարել էր, որ գարունը մոտ է, փետրվարի 24-ից Եգիպտոսից մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 10-15 աստիճանով:

Այսօր փետրվարի 24-ն է եւ արդեն իսկ համացանցում մի խումբ քաղաքացիներ «անհանգստացած են», թե ինչո՞ւ չիրականացավ Սուրենյանի խոստումը, եւ օդի ջերմաստիճանը ոչ միայն չբարձրացավ, դեռ մի բան էլ մառախուղ ձեւավորվեց Երեւանում:

«Մարդկանց մի խումբ կա, որ տաքացման մասին լսելուց հետո հաշվի չի առնում, թե քանի աստիճանով է բարձրանալու ջերմաստիճանը: Նրանց թվում է, թե -22 աստիճան սառնամանիքից հետո միանգամից պետք է դառնա +22: Հենց նրանք են, որ սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացրել, թե օդի ջերմաստիճանը չի բարձրացել: Պետք է ասեմ, որ ջերմաստիճանն իրոք բարձրացել է. եթե 2 օր առաջ Արարատյան դաշտում, Երեւանի ցածրադիր գոտում գիշերը -22…-23 աստիճան սառնամանիքներ էին, այսօր գիշերը մենք ունեցել ենք -8…-10 աստիճան, այսինքն մոտ 10-14 աստիճան բարձրացում է եղել միայն գիշերային ժամերին:

Եթե երկու-երեք օր առաջ ցերեկային ժամերին Արարատյան դաշտում եւ Երեւանում -7…-8 աստիճան էր, ապա այսօր Երեւանի բարձրադիր հատվածներում (Արաբկիր, Նորքի զանգված, Քանաքեռ Զեյթուն) օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է +2…+3 աստիճանի, ցածրադիր հատվածներում՝ 0-ի: Այսինքն մոտ 8-10 աստիճանով էլ ջերմաստիճանը բարձրացել է ցերեկային ժամերին: Էլ չեմ խոսում Տավուշի, Սյունիքի հովտային գոտիների մասին, որտեղ այսօր արձանագրել ենք մինչեւ +17 աստիճան տաքություն, Վարդենիսում՝ +4, Մարտունիում, Գավառում, Սեւանում եւ Հրազդանում՝ +1, Գյումրիում 0, Աշոցքում -1: Այսինքն հանրապետության ողջ տարածքում նկատելիորեն օդի ջերմաստիճանի բարձրացում է արձանագրվել»,- ի պատասխան իր կանխատեսումները ոչ ճիշտ համարողների հայտարարեց Սուրենյանը:

Անդրադառնալով առավոտյան Երեւանի տարածքում ձեւավորված մառախուղին՝ օդերեւութաբանն ասաց, որ դա արգասիք էր գերտաք հոսանքների ներթափանցման եւ Արարատյան դաշտի սառը մակերեւույթի հետ դրանց շփման: «Երբ տաք օդը եկավ, որոշակի շփումից մառախուղը ձեւավորվեց, բայց ցերեկը ցրվեց: Առաջիկա 5 օրերին այդ տաք օդի ներհոսքը շարունակվելու է եւ վաղը, մյուս օրը կիրականանա մեր խոստացած +5…+6 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում եւ Երեւանում»,- վստահեցրեց Սուրենյանը: