Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի մասին մամուլում հաճախ կարելի է հրապարակումներ տեսնել։ Նրա ամեն լուսանկարը կարող է հրապարակման առիթ դառնալ, սակայն հարցազրույցներ Արփին հազվադեպ է տալիս։ Ասում է`իր մասին խոսել շատ չի սիրում։ Tert.am Life–ը բացառիկ զրույց է ունեցել Արփիի հետ, որը լի է հետաքրքիր բացահայտումներով ինչպես նրա անցած ճանապարհի, այնպես էլ բարձր հոնորարների, պլաստիկ վիրահատությունների, գայթակղիչ առաջարկներ ստանալու մասին։ Արփին է մեզ է տրամադրել նաև իր նոր ֆոտոշարքը։
Իր առաջին քայլերն Արփին սկսել է որպես երգչուհի, երբ դեռ 15 տարեկան էր։ «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան երգի մրցույթում ժամանակին նա արժանացել է 2 մրցանակի, այնուհետև քայլերն ուղղել է Երգի պետական թատրոն և Թատերական ինստիտուտ։ Հեռուստատեսությունում նա առաջինը վարել է ATV–ի առավոտյան եթերը, հետագայում ներկայացել է «Շոու նյուզ», «Փոփ հանրագիտարան» նախագծերի շրջանակում։ Այսօր Արփին չի ծրագրում նոր հաղորդում վարել։ Թեև հաղորդավարուհու աշխատանքից չի հրաժարվել, ասում է` անընդհատ եթերում լինել չի սիրում, իրեն դադարներ են պետք։
–Արփի, տարիներ առաջ գործունեությունդ սկսեցիր որպես երգչուհի, հետո եկար հեռուստատեսություն`  որպես հաղորդավարուհի, ավելի ուշ սկսեցիր գործունեություն ծավալել որպես դերասանուհի։ Վերջինը, կարծես, երկրորդ պլան մղեց երգչուհու և հաղորդավարուհու աշխատանքներդ։ Ի վերջո, ո՞ր աշխատանքն է քեզ ավելի շատ դուր գալիս։
–Ինձ համար  թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը և երգարվեստն իրարից անբաժանելի մասնիկներ են։ Յուրաքանչյուրի մեջ կարողանում եմ ինձնից ինչ–որ բան ներդնել։ Երբևէ չեմ տարանջատել դրանք. թե՛ սովորելու, թե՛ աշխատելու ընթացքում յուրաքանչյուր բնագավառին տրամադրել եմ ժամանակ և զբաղվել պրոֆեսիոնալ։ Ինձ համար բարդ է տարանջատելը, սակայն եթե ընտրության առաջ կանգնեմ, երևի թե, կընտրեմ դերասանական  արվեստը, քանի որ այս բնագավառում ես ինձ շատ լավ եմ զգում։ Ասում են՝ մարդը պետք է ընտրի այնպիսի աշխատանք, որ ոչ մի օր չաշխատի։ Ես իսկապես չեմ զգում, որ աշխատում եմ` անկախ նրանից, թե գրաֆիկս որքան ծանրաբեռնված է։
Loading...
–Մինչև «Ֆուլ հաուս» նախագիծը դու

արդեն ճանաչված էիր, քեզ հաճախ էին քննարկում, սակայն քեզ ընկալում էին որպես գեղեցիկ աղջիկ, որը հայտնվել է եթերում։ Սիթքոմում նկարահանվելուցդ հետո քեզ սկսեցին շատ ավելի ջերմ ընդունել։ Ինքդ ո՞րն ես համարում կարիերայիդ շրջադարձային կետը։

–Ինձ համար շատ կարևոր են բոլոր այն աստիճանները, որոնցով բարձրացել եմ, սակայն չեմ կարող չասել, որ կարևորագույն կետը «Ֆուլ հաուսն» էր։ Իսկապես, մինչև այդ ինձ նայում էին որպես գեղեցիկ աղջկա, հնարավոր է նույնիսկ քննարկվեր, որ արտաքինիս համար են ինձ ընտրում, սակայն «Ֆուլ հաուսից» հետո ինձ սկսեցին ճանաչել որպես դերասանուհու։ Դրան զուգահեռ եղան նաև գեղարվեստական ֆիլմեր, որոնք մարդկանց մոտ ամրապնդեցին այդ մոտեցումը։
–Հայկական կինոշուկայում ռեժիսորները հիմնականում դերասաններին տեսնում են մի ամպլուայում։ Ըստ քեզ` կարողացե՞լ ես  տարբեր կերպ ներկայանալ հանդիսատեսին։
–Կարծում եմ` դեռ ոչ։ Ես մեծ սիրով կհամաձայնեի խաղալ մի դեր, որն ամբողջությամբ տարբերվում է մինչև այս խաղացածս դերերից։ Չգիտեմ` դա ինչ կերպար կարող է լինել, սակայն մեծ սիրով դուրս կգայի եղած սահմաններից և կգնայի ռիսկային փոփոխության։
–Մենք տարիներ շարունակ քեզ տեսնում ենք արտաքին նույն կերպարով։ Թվում է` փոփոխություն անելը քեզ շատ բարդ կտրվի։ Պատրա՞ստ ես արտաքին փոփոխության գնալ` տարբերվող կերպարի համար։
–Իհարկե, զուտ ինձ համար չեմ անի այդ փոփոխությունը, չեմ հրաժարվի երկար վարսերից կամ դառնամ շիկահեր, սակայն սիրելի աշխատանքի, լավ կերպար մարմնավորելու համար հաստատ կանեմ։ Կերպարային յուրաքանչյուր փոփոխության պատրաստ եմ, որովհետև դա ինձ ստիպելու է ավելի լավ մտել կերպարիս մեջ, ինչ վերաբերում է տեսարաններին, ինձ մոտ հստակ են սահմանները։
–Այնուամենայնիվ, մասնագիտությանդ մեջ ունե՞ս տաբուներ։
–Մենք ծնվել ենք հայ ընտանիքում, ապրում ենք Հայաստանում, իհարկե, տաբուներ կան։ Ճիշտ չեմ համարում, երբ ասում են, եթե ընտրել ես այս մասնագիտությունը, պիտի ամեն ինչի պատրաստ լինես։ Կան տաբուներ, որոնք հայերիս են հատուկ։ Ես չեմ կարող դրանք անտեսել, եթե նույնիսկ լինեմ այլ շուկայում։
–Քեզ տեսել ենք բաց հագուստով, ժամանակին աչքի էիր ընկնում շատ կարճ զգեստներով, «Սկոտչ&վիսկի» ֆիլմում ունեցել ես մերկանալու տեսարան, սակայն այդ ամենը ներկայացվում էր որոշակի շղարշով` մերկանալու տպավորությունը կար, մերկությունը` ոչ։ Տաբուներդ լրիվ բաց տեսարաններում նկարահանվելու հե՞տ են կապված։
–Ես գիտեմ, որ չեմ զգա դա, իսկ եթե չզգամ, անիմաստ է սուտ անելը։ Հոգեբանական առումով ես հասել եմ այն հասունությանը, որ հստակ գիտեմ` ինչի եմ պատրաստ, ինչի` ոչ։
–Սովորաբար ռեժիսորը դերասանին տեսնում է այլ աչքով։  Որպես դերասանուհի տարբեր ռեժիսորների հետ աշխատելով` ի՞նչ բացահայտումներ ես արել ինքդ քո մեջ։
–Ես շատ եմ սիրում ռեժիսորի հետ աշխատանքը, որովհետև թե՛ ինքս եմ իմ առաջ խնդիրներ դնում, թե՛ ռեժիսորի տված խնդիրներն  եմ փորձում լուծել։ Դա հնարավորություն  է տալիս, որ ինքս էլ հասկանամ իմ դերասանական հմտությունները սահմանափա՞կ են, թե՞ ոչ։ Ես իմ մեջ հետաքրքիր բացահայտումներ եմ արել ռեժիսորների հետ աշխատանքի ընթացքում, դրա համար եմ հիմա ծարավ նոր կերպարների, փոփոխությունների։
–Թատրոնում կարճ ժամանակ ես խաղացել, էմոցիոնալ առումով թատրոնն այլ աշխարհ է դերասանի համար։ Քեզ ի՞նչ է տվել թատրոնում խաղալը։
–Ես հաստիքով չեմ աշխատել թատրոնում, որովհետև ժամանակս չի բավականացրել, սակայն կոմերցիոն ներկայացումներում ներգրաված եղել եմ։ Հուսով եմ` կլինի ժամանակ, երբ կկարողանամ լիարժեք նվիրվել նաև թատրոնին, որովհետև շատ եմ սիրում բեմում աշխատել։ Էմոցիոնալ առումով թատրոնը շատ հարուստ է։ Ֆիլմում խաղալիս ինձ համար հետաքրքիր է ընթացքը, թատրոնում` ավարտը, որովհետև վերջում ես տալիս եմ այն, ինչ ամիսներ շարունակ կուտակվել է իմ մեջ, խաղում եմ իմպրովիզներով։
–Ունե՞ս խաղընկեր, որի հետ կես հայացքից հասկանում եք իրար։
–«Ֆուլ հաուսի» բոլոր դերասանները, որովհետև մոտ 5 տարի է, ոչ միայն տեսախցիկների առաջ ենք խաղում, այլև բեմում։ Դա նույնիսկ վտանգավոր է, որովհետև, երբեմն, բեմում շատ ենք իմպրովիզներ անում, կես հայացքից կարող ենք հասկանալ իրար ու շեղվել սցենարից։
–«Ֆուլ հաուսի» թիմով ընկերներ եք դարձել, ամիսներ տևող ճամփորդություններ եք ունեցել իրար հետ։ Այնուամենայնիվ, խնդիրներ լինում են նույնիսկ ընտանիքներում, տարաձայնություններ ունենո՞ւմ եք։
–«Ֆուլ հաուսը» մեզ համար բանակ է դարձել, ամիսներով իրար հետ ենք ապրում։) Իհարկե, խնդիրներ կարող են լինել, դա նորմալ է, սակայն մենք արդեն այնքան հարազատ ենք դարձել, որ խնդիրներն ընտանիքի պես ենք լուծում։ Դա գալիս է ոչ միայն դերասանական կազմից, այլև պրոդյուսերից, ռեժիսորից, տեխնիկական անձնակազմից։ Ճամփորդությունների ժամանակ էլ, եթե ինչ–որ  խնդիր է լինում, լուծում ենք ընտանիքի անդամների պես։ Իրարից չենք նեղանում, իրար դեմ վատ չեք տրամադրվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Loading...