loading...

Երեկ Գավառում տեղի ունեցած դաժան դեպքի առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել, ինչպես նաև պարզվել են մահացածների ու վիրավորների անունները։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գավառում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4-ը տեղափոխվել էին հիվանդանոց։ Գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի նկատմամբ հաշվեհարդար տեսել՝ ավերելով հիվանդանոցն ու վնասելով անգամ ոստիկաններին:

Կայքի փոխանցմամբ՝ պարզվում է, որ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը:

Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը, ծեծել Արմեն Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ 38-ամյա Դավիթ Հայթյանին։

Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում