1-in.am֊ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտաշես Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Մհեր Մ.-ն, Սասուն Կ.-ն ու Արտաշես Հ.-ն:

Նրանք ազգականներ են՝ 44-ամյա Սասունը 23-ամյա Մհերի քեռին է, իսկ 34-ամյա Արտաշեսը Մհերի ազգականն է:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ տուժողի առողջությանը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ծանր վնաս հասցնելու համար, որի արդյունքում տուժողը մահացել է: Մհեր Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել նաև գողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:

Եռյակի գործողությունների հետևանքով մահացած տուժողը նույնպես օտար մարդ չէ՝ նա Մհեր Մ.-ի հորեղբայրն էր…

Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ, երբ Մհերի հայրը դատապարտված էր, նրա հորեղբայրը այցելել է նրանց տուն և Մհերի մորը առաջարկել է արտաամուսնական կապի մեջ մտնել: Կինը մերժել է, տեգորը դուրս է հրավիրել տանից: Այդ ժամանակից նրա հարաբերությունները ամուսնու հարազատների հետ սառել են:

Տարիներ անց, գտնվելով Ռուսաստանում, կինը կատարվածի մասին հայտնել է ամուսնուն ու չի նկատել, որ իրենց խոսակցությանը ներկա է նաև որդին՝ Մհերը: Այդ խոսակցությունից էլ 2 տարի անց հորեղբոր վրա դեռևս զայրացած Մհերը, որ արդեն Հայաստանում էր, քեռու և ազգականի հետ, ըստ մեղադրանքի՝ վրեժի շարժառիթով հորեղբորը մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ 2018 թվականի փետրվարի 17-ին, ժամը 21-ի սահմաններում գնացել է հորեղբոր բնակավայր:

Արտաշես Հ.-ն տուժողին դուրս է կանչել բնակարանից, նրան մեքենա են նստեցրել, տարել են չգործող բենզալցակայանի հարակից տարածք:

Loading...

Ըստ մեղադրանքի՝ Մհերն ու իր երկու բարեկամները, միմյանց փոխադարձաբար լրացնելով, ծեծի են ենթարկել տուժողին՝ ոտքերով, ձեռքերով, գլխով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին: Տուժողի առողջությանը պատճառել են կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, նրան ուղեկցել են իր տան մերձակայքում գտնվող շենքի մոտ ու հեռացել են: Տուժողը տուն չի հասել, հենց փողոցում էլ գլխուղեղի կարևոր կենսական ֆունկցիաների սուր խանգարումից մահացել է:

Բացի այդ, տուժողին ծեծի ենթարկելուց հետո, ըստ մեղադրանքի, նույն տարածքում Մհեր Մ.-ն ներկաներից գաղտնի գետնից վերցրել է ծեծկռտուքի հետևանքով տուժողի պարանոցից պոկված ու գետնին ընկած ոսկե շղթան՝ 450 հազար դրամ արժողությամբ: Նա շղթան տուժողին չի վերադարձրել, այլ գաղտնի հափշտակել է…

Դատարանում Մհեր Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2018 թվականի փետրվարի 17-ին, ժամը 15-ի սահմաններում ինքը գնացել է իր ազգական Արտաշեսենց տուն: Հետո գնացել են քեռու՝ Սասունի տուն: Ժամը 19-ի սահմաններում երեքով գնացել են հորեղբոր բնակավայր:

Քեռին ու Արտաշեսը տեղյակ չէին իր նպատակի մասին: Ինքը նրանց պարզապես ասել է, թե հորեղբոր հետ պարզելու հարց ունի:

Արտաշեսին խնդրել է, որ նա հորեղբորը դուրս կանչի: Երբ հորեղբայրը եկել է, մեքենա է նստել, շարժվել են: Ճանապարհին հորեղբայրը բացել է մեքենայի դուռը, ինքն էլ է բացել ու վազել է նրա հետևից: Երբ հասել է նրան, 4-5 անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին: Հետո իրենք ընկել են գետնին, քաշքշել են իրար: Արտաշեսը մոտեցել, բարձրացրել է հորեղբորը: Իրեն հեռու է հրել: Կռիվն ավարտվել է: Իր դեմքին արյուն է եղել: Ինքը կռացել է, որ դեմքը ձյունով մաքրի, տեսել է ոսկե շղթան: Վերցրել ու դրել է գրպանը: Մեքենայի մեջ լվացվել է: Հորեղբայրը խնդրել է, որ իջեցնեն իրենց փողոցի սկզբնամասում: Ասել է, թե ուզում է մենակ գնալ տուն: Նա ասել է նաև, թե մոտ օրերս կայցելի իրենց ու ներողություն կխնդրի:

Նրան իջեցրել են, իրենք գնացել են իրենց բնակավայր, այնտեղից՝ Բագրատաշեն, որտեղ էլ բռնվել են: Երբ իրենց վերադարձրել են իրենց մարզ, իմացել է, որ հորեղբայրը մահացել է:

Հարցերին պատասխանելով՝ Մհերն ասել է, թե հորեղբոր հետ ցանկացել է հանդիպել, քանի որ նա անթույլատրելի արարք էր թույլ տվել իր մոր հանդեպ: Այդ մասին ինքը տեղեկացել է 2016 թվականի նոյեմբերին, երբ ընտանիքով գտնվում էին Ռուսաստանում՝ լսել է մոր ու հոր խոսակցությունը…

Դեպքի օրը քեռու տանը օղի է օգտագործել և մտածել է հորեղբորը տեսնելու մասին: Քեռուն ասել է, նա համաձայնել է: Արտաշեսն իրենց հետ օղի չէր օգտագործել, եթե ինքը նրան հայտներ հորեղբորն իր այցելության նպատակը, նա չէր գա:

Մեքենայի մեջ քեռուն ասել է, թե հարցը կապված է իր մոր հետ: Արտաշեսն է գնացել հորեղբորը կանչելու, քանի որ ուշանում էր աշխատանքից: Իրենք շենքի բակում չեն զրուցել, որ աղմուկ չառաջանա: Դեպքի պահին ձյուն էր գալիս, մառախուղ էր…

Մհերը պնդել է, թե տուժողին հարվածներ հասցրել է միայն ինքը, Սասունն ու Արտաշեսը չեն հարվածել: Նախաքննության ընթացքում ինքը սխալ ցուցմունք է տվել, իրեն ընդամենը թվացել էր, թե նրանք էլ էին հարվածել:

Մհերը նշել է նաև, թե չի իմացել, որ գտած ոսկե շղթան հորեղբոր շղթան էր: Իսկ վերջինիս հարվածներ է հասցրել, քանի որ նա իրեն ճիշտ չէր պահում, հայհոյանքներ էր տալիս: Ինքը դեպքից հետո ուզում էր գնալ Վրաստան, որ ամեն բան հանդարտվի, հետո վերադառնա…

Նախաքննական ցուցմունքներում Մհեր Մ.-ն հայտնել էր, թե քեռին ու ազգականը դեպքի պահին «մեկական անգամ ապտակել են հորեղբորը»: Ինքը նրանց ճանապարհին պատմել էր, թե ինչ հարցով է ուզում տեսնել հորեղբորը…

Սասուն Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրն իր տուն են եկել Մհերն ու իրենց ազգական Արտաշեսը: Միասին հաց են կերել, օղի են խմել… Մհերն ասել է, թե ուզում է գնալ հորեղբորը տեսնելու՝ հարց կա… Միասին են գնացել: Ճանապարհին Մհերն իրեն պատմել է՝ ինչ հարց է, ինքը դա «շատ բացասական է ընդունել»:

Սասուն Կ.-ն նշել է, թե տուժողին միայն մի «թեթև ապտակ» է հասցրել, երբ նա լվացվում էր: Նաև՝ նրան հարցրել է՝ կարող է՞ լավ չի զգում, տանեն հիվանդանոց: Տուժողը հրաժարվել է, խնդրել է մեքենայից իջեցնել տանից հեռու, քանի որ ուզում էր ոտքով տուն գնալ: Նրան իջեցրել են, ջուր են լցրել, նա նորից լվացվել է, ջուր է խմել, իրենք մեքենայով հեռացել են: Հետո իրենք Վրաստան էին գնում, որ Մհերին այնտեղ թողնեն ու վերադառնան… Իրենք մտածում էին, որ տուժողի կինը կբողոքի…

Սասունը նշել է, թե ինքը գնացել էր, որ միջադեպ չլինի, բայց չի կարող ասել՝ ինչու «կռիվ դարձավ»…

Ամբաստանյալ Արտաշես Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե ճանապարհին չի լսել Մհերի ու Սասունի խոսակցությունը, ինքը չգիտեր՝ ինչու են գնում տուժողի բնակավայր: Ինքն է տուժողին դուրս կանչել տանից, բայց ինքը տուժողին չի հարվածել, Մհերի հետ կռվի ժամանակ նրան հեռացրել է, նրա դեմքին քերծվածքներ է տեսել, ջուր է լցրել, որ նա լվացվի… Երբ միջադեպից հետո տուն են գնացել, Մհերն իրեն ոսկե շղթա է տվել, ինքը չի իմացել, որ դա տուժողինն է եղել… Ինքը հիշում է, որ տուժողն ասել է. «Մի ղալաթ ա, արել եմ…»:

Մանրամասները՝ այստեղ։

Загрузка...