Ինչի՞ եք մտածում, որ ամեն գնացող հետ չի վերադառնում. Սրանք Ապրիլյան պատերազմի հերոս տանկիստ Վահեի վերջին խոսքերն են:

«Կուզեի, որ բոլոր զոհված տղաները ու իմ Վահեն եւս ողջ լինեին: Կուզեի,
որ էս ամենը պարզապես չլիներ, որ մեր ծնողները ոչ թե հպարտանային, որ հերոս
տղաներ ունեն, այլ հպարտանային իրենց որդիների՝ քաղաքացիական կյանքում
ունեցած հաջողություններով»,-ապրիլյան պատերազմից երեք տարի անց NEWS.am-ի հետ զրույցում նշեց հերոս տանկիստ, հրազդանցի Վահե Զաքարյանի քույրը:

Երեք տարի առաջ՝ 2016թ-ի ապրիլի 2-ին՝ Քառօրյա պատերազմի հենց առաջին
օրը, մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց հրազդանցի տանկիստ Վահե
Զաքարյանը:

Վահեն ծնվել է Հրազդանում, տան միակ տղան էր, ուներ երկու քույր: Երբ
ծնողներն արտագնա աշխատանքի էին մեկնել Ռուսաստան, Վահեն քույրերի հետ էր
ապրում Հրազդանում: Հետո նրանք էլ գնացին ու չհարմարվելով՝ հետ վերադարձան:

Պատերազմից երեք տարի անց հարազատների մոտ ոչինչ չի փոխվել: Վահեի
քույրը պատմում է, որ ցավը ժամանակի հետ ավելի է խորացել. «Այն գիտակցումը,
որ ինչի համար են գնացել, որ իրենց երիտասարդ կյանքը կարող էին իրենց
քաղաքացիական կյանքում ապրեին, ծաղկեին, մի քանի րոպեում անէացավ, կանգնեց
ժամանակը, օդը կանգնեց, այդ ցավը ոչ մի ժամանակի հետ չի կարող սփոփվել կամ
փոխվել»,-ասաց Երանուհին՝ շարունակելով, որ եղբայրը պատասխանատվության
բարձր հատկանիշներ ուներ:

Loading...

«Ծնողներս արտագնա աշխատանքի էին մեկնել Ռուսաստան: Մենք երեքով՝ քույրս
ու Վահես, միասին էինք ապրում: Չնայած, որ ինձնից 7 տարով փոքր էր, ես
մեծն էի, բայց այն զգացողությունը, որ երկու քույր ունի տանը, նրան
պարտավորեցնում էր, որ երբեք չուշանար:

Ինքը գիտեր, եթե մենք մենակ ենք, երեկոյան ժամերին երբեք ուշ տուն չէր
գա: Երկրորդ անգամ թույլ չէր տա, որ զանգեինք ասեինք՝ արի: Դասերից երբեք
չէր բացակայում, ոչ մի դասատու չի կարող փաստել, որ Վահեն բացակայում էր,
բավականին լավ էր սովորում: Բոլոր դրական հատկանիշները Վահեիս մոտ կար:
Երկուսիս հետ էլ յուրովի էր կապված: Ինձ ավելի շատ մոր էր վերաբերում,
քույրիկիս հետ այլ հարցերով էր կիսվում: Մայրական կարոտն ինձնից էր
ստանում, ես չէի թողնում, որ ինքը զգա մերոնց բացակայությունը»,-հիշումէ
քույրը:

Նշենք, որ Վահե Զաքարյանը 11 տարեկանից զբաղվել է սպորտով՝  կարատեով եւ
արեւելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ եւ մեդալներ ունի, բազմաթիվ
միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ
մրցույթների։ ՀՀ երկակի չեմպիոն է, ունի երկու սեւ գոտի։ Աշխարհի
մրցույթներին մասնակցելու հրավերք էր ստացել․ մասնակցել Լ Լեհաստանում
կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել։
2014 թվականին ընդունվել է Ֆիզկուլտ ինստիտուտ, սակայն 18 տարին լրանալուն
պես զորակոչվել է բանակ:

Վահեն սկզբից մի քանի ամիս ծառայել է Արմավիրում՝ 6 ամսյա ուսումնական
կուրս է անցել ու տեղափոխվել Արցախի Ջրականի՝ Ջաբրայիլի զորամաս, որպես
տանկի նշանառու օպերատոր:

Քրոջ պատմելով, Վահեն երբեք չի խուսափել ծառայությունից: Տեսակով շատ
համեստ էր: Բազում հաջողություններ ուներ, բայց երբեք դրանց մասին չի
բարձրաձայնել. Ո՛չ հրամանատարները, ո՛չ ծառայակիցները երկար ժամանակ չեն
իմացել, որ Վահեն սպորտսմեն է:

Վահեի հետ քույրը վերջին անգամ խոսել է 2016 թվականի ապրիլի 1-ին.

«Այսօրվա պես հիշում եմ, ինքն այդ օրը նարյադ ուներ: Առավոտյան զանգեց,
քնից արթնացրեց: Ես հետ զանգեցի, ասաց, լվացվում է, որ հերթապահության գնա:
Ու այլեւս ձայնը չենք լսել: Հետո իմացանք, որ տանկը խոցվել է ու Վահես
չկա: Նա Ջաբրաիլի տանկային վաշտի նշանառու օպերատոր էր: Ապրիլի երկուսին
տագնապով բարձրացել էին դիրքեր: Առաջադրանք կատարելիս տանկի անձնակազմով մի
քանի անգամ զորաշարժ են կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով
նրան կենդանի ուժի կորուստներ: Իրենց տանկն էլ խոցվել  է անձնակազմի հետ
միասին: Մենք անգամ Վահեի մարմինը չենք տեսել»,-նշեց քույրը:

Վահեի ծառայակից ընկերները հետո պատմել են, որ դիրքեր բարձրանալիս Վահեն
ասել է. «Ինչի եք մտածում,որ ամեն գնացող ետ չի վերադառնում։Մենք գնալու
ենք ու հաղթանակած ետ ենք դառնալու»,-սրանք հերոսի վերջին խոսքերն էին:

Հիշեցնենք, որ Վահեի հարազատ դպրոցում փառքի անկյուն է բացվել, որտեղ
խնամքով դրված են զինածառայողի լուսանկարները, իսկ տան բակում տեղադրվել է
հուշաքար եւ ցայտաղբյուր:

Վահե Զաքարյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի եւ Արցախի
նախագահների կողմից «Արիության» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների
համար» մեդալներով։

Загрузка...