Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ում գրառում է արել ու շնորհավորել կանանց տոնը։

«Հնարավոր է՝ ես էդպես էլ չլսեմ քո շնորհավորանքը, դու չես սիրում տոներ, ես էլ։

Տեսնես ինչի՞ համար են տոները, երեւի որ հավասարեցնեն ու համակարգված ձեւով կնոջը «տեղավորեն» այդ տոնի մեջ։ Համաչափ ու հստակ ռիթմով տարին մի քանի անգամ կամ ամեն տարի շնորհավորեն… Որ հավասարապես ու համաչափ մեծարեն ու կարեւորեն կնոջը՝ կոնկրետ օրերին… գուցե…

Բայց ախր կինը տեղով մեկ անհավասարություն է, անլուծելի անհավասարում։ Ամեն ինչն է իր մեջ անհամաչափ։

Անհավասար է ձախը՝ աջի նկատմամբ, մի ոտնաթաթը մյուսից… տխրությունն անգամ անհամաչափ Է։ Արտասվում ու անզուսպ ծիծաղում է միեւնույն ժամանակ, բարկանում ու նույն պահին էլ հոգ տանում, որ չնեղացնի, չխոցի։ Անհամաչափ է ԲԵՌԸ, որն օր օրի վերցնում է իր ուսերին կինն ու սկսում քայլել իր կյանքի ճանապարհով. հավաքում ուրիշների ցավն ու հոգսը, կորցրած սերերը, գետնին գցած կարեկցանքն ու երբեմն այդ ճանապարհին կորցնում է ինքն իրեն, որովհետեւ լողացող նավն ունի բեռի սահմանափակում, ու որպեսզի բոլորին «տեղ հասցնես» ճանապարհին «գցում ես» քո ունեցվածքը՝ քո ցանկությունները, պահանջները, նախասիրությունները կամ բարկությունները, ուրիշների համար բեռ-ի տեղ բացելու հարկ կա միշտ, որ Նավդ տեղ հասնի։

Դու չես սիրում տոներ, ես էլ։

Կինն աշխարհի հավասարակշռությունն է, բայց ինքն էդքան անհամաչափ ու անհավասար։ Սիրում է նրան, ով իրեն մերժում է, չի սիրում իրեն սիրողին, սիրում է բոլորին՝ բացի իրենից, ժամանակ ունի միշտ ու բոլորի համար, բացի… իրենից։ Ես չեմ սիրում տոներ, նրանք «հավասարեցնում» ու պարտավորեցնում են տղամարդուն։ Իսկ ես կուզեի, որ յուրաքանչյուր կին միշտ լիներ ու մնար «անհավասար»՝ իր տարբերությամբ, բացառիկությամբ ու գաղտնիք մնալու հետաքրքրությամբ, որ արցունքների միջից ժպտացող կնոջից տղամարդը չվախենար, ոչինչ, որ չի հասկանում, այլ ուղղակի պինդ գրկեր ու անհամաչափ ուժով ու ջերմությամբ «բռներ» նուրբ, փխրուն, ու չգիտես ինչու աշխարհի բեռն իր ուսերին վերցրած կնոջը։

Դու չես սիրում տոներ, բայց ես կսպասեմ քո ժպիտին. շնորհավորանքը ոչ խոսքով է, ոչ էլ մանավանդ վիրտուալ ծաղիկներով։ Պինդ բռնած ձեռքն ու հասկացող ժպիտն ամենից մեծ շնորհավորանքն են։ Անհամաչափ ու աշխարհը հավասարակշռող Էակների տոնը շնորհավո՜ր։

Հ.Գ. Եթե սիրում ես կնոջը, կսիրես նաեւ այն տոնը, որ նրա համար է, մասին ու հանուն։ Այնպես որ, այնուամենայնիվ, ես կսպասեմ շնորհավորանքիդ։ Շնորհավոր մարտի 8»,- գրել է նա։

Загрузка...