Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը տևական ժամանակ է՝ Ավստրալիայում է, նոր ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել ինչպես ֆոտոշարքի, այնպես էլ Սիդնեյում ուսումնառության, առօրյայի ու նպատակների մասին:

Մաշան նշեց, որ հանպատրաստից է ծնվել նոր ֆոտոշարքի մտահղացումը: «Հեղինակը համակուրսեցիս է Բրազիլիայից, իսկ ֆոտոշարքն իրականցրել ենք Սիդնեյի հայտնի վայրերից մեկում`Graunds of Alexandria-ում: Քանի որ շատ արագ ենք մտածել լուսանկարվել, նույնքան արագ էլ մտածել եմ՝ որտեղ և ինչպես պետք է ներկայանամ: Լուսանկարներում իմ ոճի մեջ եմ: Այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ արտառոց ոչինչ չկա»,-ասաց նա:

Մաշան սովորում է Australian Institute of Music հաստատությունում: Նա նշեց, որ այս փուլում ժամանակի մեծ մասը հատկացնում է ուսումնառությանը և առօրյան ավելի շատ աշխատանքային է: «Առաջնայինն ուսումս է, բայց  օրս շատ ծանրաբեռնված է նաև բենդի հետ փորձերով, քանի որ համերգային առաջարկներ ունեմ, աշխատում եմ ավելի լուրջ ծրագրերի վրա»,-ասաց Մաշան:

Երգչուհու խոսքով, արտերկրում սովորելու որոշումը պայմանավորված էր գիտելիքները հաստացնելու նպատակով. «Նպատակս է ծանոթանալ միջազգային և ժամանակակից դպրոցին, նոր գիտելիքներ ձեռք բերել, առնչվել արտասահմանյան երգարվեստի ներկայացուցիչների հետ»:

Մաշան չբացառեց, որ հնարավոր է արտերկրի երաժշտական շուկայում հաստատվելու փորձեր անի։ Թե երբ հանդես կգա նոր երգով կամ տեսահոլովակիով, առայժմ դժվարացավ նշել։

Երգչուհին նկատեց, որ սա իր հինգերորդ այցելությունն է Սիդնեյ և արդեն հասցրել է այնտեղ ընկերական շրջապատ ձեռք բերել: «Սովորելով անգլիական հաստատությունում՝ շրջապատս համալրվել է տարբեր ազգի ներկայացուցիչներով»,-ասաց նա:

Մաշան նաև նշեց, որ տևական ժամանակ հայրենիքից ու ընտանիքից հեռու ապրելը ստիպում է կարոտել: «Կարոտում եմ, իհարկե։ Ընտանիքիս, ընկերներիս, ինչու չէ, առօրյաս եմ կարոտում, բայց այստեղ լուրջ նպատակով եմ: Շատ ծրագրեր ունեմ, մաքսիմալ խորացած եմ աշխատանքիս և ծրագրերիս իրականացման մեջ»,-եզրափակեց նա:

Հեղինակ Անահիտ Հակոբյան

Աղբյուրը՝ Life.tert.am

Загрузка...