Загрузка...

Tert.am Life «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ ներկայացնում ենք դերասան Սարգիս Գրիգորյանին:

Սարգսին շատերն ընկալում են հանգիստ ու հանդարտ տեսակով, բայց ինքն իր ամենամեծ թերությունը համարում է բռնկվուն լինելը: Հնարավորության դեպքում դերասանը կցանկանար դրանից ազատվել: Նա անկեղծացավ, որ կյանքում հասցրել է խորը հիասթափություն ունենալ:

-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Չափազանց պատասխանատու լինելը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Պայթունավտանգ լինելն ու արագ բռնկվելը:

-Իսկ ինչի՞ց եք շատ վախենում, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։

-Առողջությունը կորցնելը, որովհետև եթե կորցնես, չես կարողանա հետ բերել, մնացած ամեն բան կարելի է հաղթահարել:

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

-Ինչ ուզում եմ, դրանով արդեն օժտված եմ:

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

-Կուզեի կկարողանալ այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրեր, բոլոր վատ ու տհաճ երևույթները վերանային: Հիմա կախարդական փայտիկը նորաձև է: ԱԺ-ում էլ են խոսում այդ մասին: Կուզեի այդպիսի մի փայտիկ ունենալ:

-Ի՞նչն է ամենից շատ բարկացնում Ձեզ հասարակության, մարդկանց մեջ։

-Երբ միջամտում են այն հարցերին, որտեղ պետք չէ, զբաղվում են ուրիշի գործով ու բոլորն իրենց գիտնականի տեղ են դնում: Ինձ նյարդայնացնում է, որ մարդիկ իրենց տեղերում չեն. ամեն մարդ վարչապետ է, սալիկապատող և այսպես շարունակ: Պետք է յուրաքանչյուրն իր գործով զբաղվի:

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

-Երբ մենակ եմ լինում, աշխատում եմ ոչ մի բանի մասին չմտածել և քնում եմ: Քանի որ այդպես շատ քիչ է լինում, մենակ մնալու ժամանակն օգտագործում եմ ռեստարտ լինելու համար, իսկ, ընդհանրապես, անըդնհատ մտածում եմ` և՛ աշխատանքի ընթացքում, և՛ մեքենա վարելիս:

-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

-Թափթփվածությունը, ստախոսությունը, դիլետանտիզմը:

–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

–Երեխաներս: Նրանց հետ շփումն ամենալավ դեղամիջոցն է ինձ համար:

–Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

-Մեծամիտ մարդկանցից: Հասցրել եմ հիասթափվել շատ մարդկանցից, բայց ես 15 րոպեից ավելի չեմ մտածում դրա մասին, միանգամից տվյալ մարդուն գցում եմ սև ցուցակ և շարունակում ապրել: Թող ինքը մտածի: Հիասթափություններ ունեցել եմ նաև մասնագիտական ճանապարհին, բայց այն ժամանակ, երբ նոր էի սկսում։ Հիմա արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, պարզապես ուշադրություն չեմ դարձնում: Հասկանում եմ, որ ինչպես կյանքում կա չարն ու բարին, այնպես էլ մարդիկ են հայտնվում, ովքեր ամեն ինչ անում են, որ դու չկարողանաս առաջ գնալ, խոչընդոտներ են ստեղծում: Հիմա հասկանում եմ, թե ինչու են մարդիկ նման բան անում: Կարողանում եմ հակահարված տալ, իսկ այն ժամանակ չէի հասկանում շատ բաներ, շատ էի բարդութավորվում:

-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում:

-Իհարկե: Ափսոում եմ, որ ծնողներս չտեսան այն ամենը, ինչին հասել եմ, չհասցրին խաղալ իրենց թոռնիկների հետ: Մենք բավականին դժվար, աղքատ կյանքով ենք ապրել: Ծնողներիս գերնպատակն էր մեզ, ըստ արժանվույն, մեծացնելը։ Հիմա, երբ մենք եղբայրներով փորձեցինք կայանալ, իրենք մեզ հրաժեշտ տվեցին:

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։

-Կինս` Մանո Գրիգորյանը:

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

-Չէի լինի քաղաքկան գործիչ: Ես չեմ սիրում քաղաքականությունը:

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

–Ինքդ քո նկատմամբ արդար եղիր, որ հետո կարողանաս գլուխդ հանգիստ բարձին դնել ու խղճիդ առաջ պատասխան չտաս:

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է:

-Իմ դաջվածքներն են, ուրիշ ոչինչ:

Загрузка...