Загрузка...

Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ այսօր` ժամը 08:25-ի սահմանում,  ՊԲ զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռու գտնվող երկաթյա կամրջի մոտ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենայինվիրավորում:

Yerkir.am-ը պարզեց, որ նա Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր: Համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տղան 4 ամիս է, ինչ ծառայության մեջ էր:

«Տանը երկու եղբայր էին, հայր, մայր, պապիկ: Եղբայրը նրանից մեծ է, ինչ-ինչ խնդիրների պատճառով ազատվել է բանակից մի քանի տարով: Մայրը չի աշխատում, հայրն է ընտանիքը պահում` առաքիչ է: Արիստակեսը հանգիստ, համեստ տղա էր, կշռադատված միտք ուներ: Երբ լուրը լսեցի, այցելեցի նրանց տուն: Պապիկ, որի անունը կրում է տղան, ասաց, որ երեկ երեկոյան է խոսել թոռան հետ: Տղան հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է, ծառայությունը լավ է ընթանում, ոչ մի բանից չի բողոքել»,- ասաց Մուրադյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Загрузка...