Загрузка...

Mediamax.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս»գործակալությանը:

Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը:

Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

— Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ պատկերը լրիվ հակառակն էր: Պատրա՞ստ եք դուրս գալ եւ քայլել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի փողոցներով, խոսել մարդկանց հետ՝ Ձեր նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը հասկանալու համար:

— Կարծում եմ, որ նման կերպով հանրության մեջ հայտնվելը դժվար թե ռեպրեզենտատիվ լինի: Հանրային կարծիքի գնահատման ավելի ճիշտ մեթոդներ կան, եւ իմ թիմն այժմ զբաղվում է դրանով: Փողոց դուրս գալու առումով երբեք խնդիր չեմ ունեցել: Վերջին տարիներին միշտ միայնակ եմ ճանապարհորդել, հանդիպել բազմաթիվ մարդկանց եւ երբեք բացասական վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ: Հակառակը՝ մարդիկ մոտենում են, լուսանկարվում, ինչ-որ բան հարցնում:

Էյֆորիան, որ կա Հայաստանում, իհարկե, որոշ չափով դեֆորմացրել է իրավիճակը, բայց, կարծում եմ, որ լավ հիմք ունեմ, որի վրա կարելի է կառուցել հետագա գործողությունները:

— Դուք հիշատակեցիք էյֆորիան: Այն եկավ փոխարինելու ապատիան, որը, ինչպես Դուք էիք ասում վերջին տարիների հարցազրույցներում, իշխում էր հասարակությունում: Ապրիլին տեղի ունեցածը Ձեզ զարմացրե՞ց:

— Ո՛չ: 2016թ.-ին ոստիկանության գնդի գրավումից հետո ես ասել էի, որ դա «դեղին քարտ» էր Հայաստանի քաղաքական համակարգին: Ինձ ապշեցրել էր, որ հասարակության մի մասը, ըստ էության, դրական գնահատական տվեց ահաբեկչական գործողություններին: Զոհվեց երեք ոստիկան, բայց, չնայած դրան, հանցավոր գործողություններ կատարած մարդիկ բավական լայն հանրային աջակցություն ստացան: Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան: Զարմացրեց այն, թե ինչպես դրանք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» վերաճեցին:

— Իսկ Ձեզ զարմացրե՞ց, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:

— Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին:

Մյուս կողմից, այո՛, ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել:

— Այս հարցազրույցին պատրաստվելիս կարդացի վերջին 10 տարվա Ձեր հարցազրույցների մեծ մասը եւ հայտնաբերեցի, որ իշխանությունների հասցեին Ձեր հնչեցրած քննադատությունը, եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ շատ նման էր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Եվ այսօր որոշակի հեգնանք կա նրանում, որ այն ռեժիմը, որը երկուսդ էլ քննադատում էիք, այլեւս չկա, բայց հիմա սուր դիմակայություն է ծավալվում Ձեր եւ Փաշինյանի միջեւ:

-Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի:

Ինչո՞ւ ենք այսօր ես եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր բեւեռներում: Ես միանշանակ պատասխան չունեմ: Հավանական է, որ նա իմ մեջ ինչ-որ սպառնալիք է տեսնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...