Загрузка...

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Էդիկ Ասլանյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Էդիկ Ասլանյանը 30 տարեկան էր: Նա մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ի սահմաններում գտնվելով Շիրակի Մարզի Շիրակ գյուղի բնակիչ Լյովա Հ.-ի տանը, վերջինիս կողմից իր ու իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ տալու պատճառով վիճաբանել է նրա հետ, բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ապա իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով սրտի վնասումով ծանր վնասվածք, ու կյանքից զրկել է Լյովա Հ.-ին:

Գործի նախաքննության սկզբում Էդիկ Ասլանյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ տուժող Լյովա Հ.-ն իրենց խնամին էր՝ քրոջ սկեսրայրը, քույրը մոտ 10 տարի նրա հարսն էր: Բացի այդ հանգամանքից, ինքը Լյովա Հ.-ին ճանաչում է շուրջ 15 տարի՝ որպես համագյուղացու:

Դեպքի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 14-ի սահմաններում կինն իրեն ասել է, թելվացք փռելիս նկատել է գյուղ մտած բեռնատար մեքենա: Ինքը, մտածելով, որ կարող է անասուն կամ հացահատիկ գնողներ լինեն, անմիջապես գնացել է գյուղամեջ: Մորն էլ ուղարկել է քրոջ տուն:

Գյուղամիջում մի քիչ սպասել, համոզվել է, որ ոչ մի մեքենա չկա, շրջվել է, որ տուն գնա, մեքենայի ազդանշան է լսել: Լյովա Հ.-ն էր: Ինքը մտածել է, թե Լյովան կարող է հարբած լինել, շարունակել է քայլել դեպի իրենց տուն:

Լյովան էլ է եկել իրենց տուն: Նա, իրոք, հարբած էր: Նա անհիմն վիճել է իր հետ, իրեն ասել է. «Ա՛յ հարս, թռի մի հատ կոֆե դիր»: Ինքը պատասխանել է, որ հարս չի, այլ այդ տան տղան է, կին ունի, կասի՝ նա կոֆե կդնի:

Լյովան շարունակել է իրեն վիրավորել, նաև ասել է, թե իրենց ձին, սայլը, երկու կովերը, ոչխարների կեսը կամ՝ բոլոր ոչխարները, ինչպես նաև ցորենը՝ ամբարով հանդերձ, մինչև անգամ տունը՝ բոլորը նրա ձեռքի աշխատանքն է, նրա օգնությամբ է ստեղծված, պիտի տան նրան: Հակառակ դեպքում՝ սպառնացել է, թե կվնասի գույքը, կայրի ու կոչնչացնի:

Ինքն ուշադրություն չի դարձրել Լյովայի խոսքերին, գնացել է միջանցք, այնտեղ գտնվող պահարանի վրայից վերցրել է խոհանոցային երկու դանակներն ու գնացել է գոմ՝ անասնակերի կապերը կտրելու՝ մինչև Լյովան սուրճ կխմեր ու կհեռանար:

Որոշ ժամանակ հետո կինն ասել է, թե Լյովան հեռացել է: Ինքն անհանգստացել է, որ վերջինս կգնա ու կվիճաբանի քրոջ տանը գտնվող մոր հետ, անմիջապես զանգել է մորը: Վերջինս ասել է, որ քրոջ տանն է: Ինքը նրան զգուշացրել է, որ Լյովան հարբած է, հնարավոր է գնա ու վիճաբանություն սարքի: Այդ պահին ինքը լսել է Լյովայի ձայնը, ով իր մորն ասել է. «Պ…, տղե՞դ ա զանգել»:

Ինքը լսել է նրա հայհոյանքներն իր ու իր ընտանիքի անդամների հասցեին: Նա ասել է, թե «վարի կտա» բոլորին, անգամ՝ մահացած հորը, հայհոյել է մահացած հոր շիրիմի հասցեին:

Ինքն այդ ամենը լսելով՝ ձեռքի դանակները դրել է գրպանը, վազելով գնացել է մոր հետևից՝ վախեցել է, որ Լյովան կվնասի նրան, մայրն առողջական լուրջ խնդիրներ ուներ՝ կուրծքը հեռացված էր, ինսուլտ էր տարել…

Ինքը մտել է քրոջ տուն: Այնտեղ էին քույրը, մայրը, քրոջ դուստրն ու Լյովան: Ինքը տեսել է, որ Լյովան բարձր ձայնով վիճում է մոր հետ, հայհոյանքներ է տալիս:

Մոտեցել է Լյովային, հավաքել է նրա օձիքն ու հրել է մի կողմ, ասել է՝ գժվե՞լ ես, հիվանդ կնոջ ես վրա տալիս: Հարբած Լյովան շարունակել է հայհոյանքներ տալ, ցանկացել է խփել իրեն, նրա հարվածը դիպել է մորը: Մայրը կանգնել է իր ու Լյովայի միջև, հարվածն ընդունել է իր վրա:

Այդ պահին ինքը բռունցքով հարվածել է Լյովայի հոնքին ու ասել է. «Ա՛յ անուղեղ, արդեն հիվանդ կնոջ վրա՞ ես ձեռք բարձրացնում, նա անտեր չի, ես եմ նրա թիկունքին»:

Լյովան ավելի է կատաղել, հարձակվել է իրենց վրա, ինքը կանգնել է նրա ու մոր միջև, ձախ ձեռքով բռնել է Լյովայի աջ ձեռքը ու անկախ իրենից գրպանից հանելով դանակներից մեկը՝ հարվածել է Լյովային: Չի նայել, թե նրա մարմնի որ մասին է հարվածում, քանի որ շատ զայրացած էր ու վախենում էր՝ հարվածը հանկարծ մորը չդիպչի:

Երբ դանակի հարվածը դիպել է Լյովային, նա հանգստացել, դուրս է եկել տանից՝ ասելով. «Դու էդքան տղա կաս, որ իմ վրա դանակ ես քաշում, դու քո հալը կտեսնես, հմի զանգեմ մի էրկու տղու, կգան հարցերդ կլուծեն»:

Ինքը լսել է, որ Լյովան հեռախոսով խոսում է եղբորորդու՝ Սենիկի հետ՝ նրան կանչելով իր տան բակ: Ինքը ցանկացել է Լյովայի հետևից դուրս գալ, բայց տեսել է, որ մայրը վատանում է, դուրս չի եկել, մորն օգնություն է ցույց տվել՝ ջուր է տվել, շփել է ձեռքերը:

Լյովայի դանակահարության պահին քույրն ու նրա երեխան դուրս էին եկել, ինքը քրոջն ասել էր՝ երեխային դուրս տար, որ ձայներից չվախենա:

Որոշ ժամանակ անց Սենիկը եկել ու ասել է, թե Լյովա հորեղբայրը դրսում ուշագնաց ընկած է: Ինքը դուրս չի եկել: Մայրը երկու քայլ է արել ու վատացել է: Քույրն է դուրս եկել, քիչ անց վերադարձել ու ասել է, թե Սենիկի հետ Լյովային տուն են տեղափոխել, փորձել են օգնել, բայց նա սիրտ է թափել՝ երևի հարբած լինելու պատճառով:

Ինքը դուրս է եկել ու գնացել է իրենց տուն՝ ճանապարհին Շիրկանալի մեջ գցելով դանակները: Տանը փոխել է շորերը, պատրաստվել է նորից գնալ Լյովայի տուն՝ նրան օգնություն ցույց տալու կամ շտապօգնություն կանչելու նպատակով: Ճանապարհին տեսել է մորը, վերջինս ասել է, թե Լյովային արդեն տեղափոխել են հիվանդանոց:

Որոշ ժամանակ հետո իրենք գնացել են քրոջ տուն, որ տեղեկություն իմանան Լյովայի վիճակից, այնտեղ են եկել ոստիկաններն ու ասել են, թե Լյովան մահացել է: Իրեն հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ ինքը խոստովանել է կատարածը:

Նախաքննության հետագա ընթացքում Էդիկ Ասլանյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Որպես մեղադրյալ՝ լրացուցիչ ցուցմունքում նա ասել է, թե դանակներն իրենն են եղել, բայց ինքը վիճաբանության օրը դրանք չի տարել Լյովայի տուն, այլ վիճաբանությունից մի քանի օր առաջ տվել էր Լյովային, որ նա սրի: Վիճաբանության պահին ինքը նկատել է, որ դանակներից մեկը դրված է Լյովայի սեղանին, իսկ մյուս դանակը տեսել է Լյովայի ձեռքին:

Էդիկ Ասլանյանն ասել է, թե չի հիշում՝ ինչպես է հարվածել Լյովային:

Դատարանում Էդիկ Ասլանյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Ասել է, թե իր ու տուժող Լյովայի հարաբերությունները վատ են եղել, որովհետև Լյովան խմիչքը չարաշահում էր, իսկ մոր ու Լյովայի հարաբերությունները եղել են խնամիական:

Դեպքի օրն ինքն է մորը տարել քրոջ տուն: Հետո գյուղամեջ է գնացել, սպասել է անասուն գնողների, նրանց չի հանդիպել, հանդիպել է Լյովային, վերջինիս մեքենայով գնացել են իրենց տուն: Ինքը Լյովայի վրայից խմիչքի հոտ է առել: Լյովան իրենց տանը սուրճ է ուզել, կինը նրան սուրճ է տվել: Ինքը գնացել է անասնագոմ: Քանի որ հեռախոսը թողել էր տանը, նորից տուն է եկել, լսել է կնոջ գոռոցը: Տեսել է, որ Լյովան հարձակվել է կնոջ վրա, մի ձեռքով բռնել է նրա բերանը… Իր ու Լյովայի միջև վեճ ու ծեծկռտուք է սկսվել, ինքը Լյովային տանից վռնդել է:

Իմացել է, որ նախկինում էլ են դեպքեր եղել, երբ Լյովան հարձակվել է իր կնոջ վրա…

Գնացել է քրոջ տուն՝ մոր հետևից: Այնտեղ տեսել է, որ Լյովան հարձակվել է մոր վրա՝ մոր պարանոցից բռնել ու նրան սեղմել է պատին: Լյովան հայհոյել է իր ընտանիքի անդամներին, իր մահացած հոր շիրիմի հասցեին: Ինքը հիվանդ մորն ազատել է Լյովայի ձեռքից, մեկ անգամ հարվածել է Լյովային: Նա աթոռ է վերցրել, փորձել է հարվածել մորը: Ինքը, մորը պաշտպանելու համար, փաթաթվել է նրան, հարվածը դիպել է իր պարանոցին: Դրանից ինքն ուշագնաց է եղել, ընկել է թմբիրի մեջ, արթնացել է մոր ու քրոջ կողմից թափահարվելուց:

Լյովան իրենց ահաբեկել, նստել է մեքենա ու հեռացել է:

Քիչ անց եկել է Լյովայի եղբորորդի Սենիկը, ասել է, թե Լյովան բերանի վրա ընկած է, լավ չի զգում…

Էդիկ Ասլանյանը դատարանում պնդել է, թե ինքը Լյովային դանակով չի խփել, նրան սպանելու նպատակ չի ունեցել: Միաժամանակ Էդիկ Ասլանյանն ասել է, թե դանակ վերցնելու և հարվածելու պահ չի հիշում…

Նախաքննության սկզբում տված ցուցմունքի վերաբերյալ Էդիկ Ասլանյանն ասել է, թե եղել է շփոթված…

Տուժողի իրավահաջորդը՝ Լյովա Հ.-ի եղբայրը, հայտնել է, թե Լյովան վերջին շրջանում վատառողջ լինելու պատճառով ոգելից խմիչք քիչ է օգտագործել ու չի հարբել…

Տուժողի իրավահաջորդը պահանջել է, որ Էդիկ Ասլանյանը պատժվի օրենքով սահմանված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Էդիկ Ասլանյանը վատառողջ է, նրա խնամքին է վատառողջ մայրը, նա մեղայականով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Դատարանը հաշվի է առել նաև դեպքի պահին տուժողի ցուցաբերած վարքագիծը…

Էդիկ Ասլանյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հոկտեմբերի 25-ից:

Տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով պահանջել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Էդիկ Ասլանյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 532 հազար 894 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Загрузка...