Загрузка...

Yerkir.am-ը գրում է.

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող` ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենց միջնորդությամբ նախաքննական մարմինը փորձաքննություն է նշանակվել` պարզելու, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը: Մկրտչյանը նշեց, որ իր պաշտպանյալը ՔԿՀ-ում դեղորայքային բուժում է ստանում, մինչդեռ տառապում է ծանր հիվանդությամբ և դեռևս հունիս ամսին պետք է քիմիաթերապիայի հերթական կուրսն անցներ, ինչը բանտային պայմաններում, բնականաբար, հնարավոր չէր կազմակերպել:

«Գրիգորյանի ինքնազգացողությունը վատ է, շաքարի ցուցանիշը բարձր, քիմիաթերապիայի կուրսն արդեն ուշացրել է, որն անդառնալի հետևանք կարող է թողնել իմ պաշտպնայալի առողջության վրա»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` փորձաքննության պատասխանից է կախված` վարույթն իրականացնող մարմինը կմիջնորդի՞ դատարանին Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու համար, թե՞ ոչ:

Նշենք, որ օգոստոսի 16-ին կլրանա Մանվել Գրիգորյանի` կալանքի տակ գտնվելու երկու ամիսը: Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ իրենք դգոհություններ չունեն վարույթն իրականացնող մարմնից` ՀՔԾ-ից, ավելին` կասկած չունեն քննության օրինականության և բազմակողմանիության վրա:

Հարցին, թե այս ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, պաշտպանը նշեց. «Գործով ակտիվ քննչական գործողություններ չեն իրականացվում, ինչը վկայում է այն մասին, որ նրան կալանքի տակ պահելն արդարացված չէ»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Загрузка...