Загрузка...

1in.am-ը գրում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը երեկ գիշեր անազատության մեջ եղել է ընդամենը երկու ժամ․ նրա համար վճարվել է հինգ միլիոն դրամ գումար, ինչից հետո գեներալը հայտնվել է ազատության մեջ։

Սակայն սրանով Խաչատուրովի հետ կապված ինտրիգը ոչ միայն չհանգուցալուծվեց, այլ բորբոքվեց նոր թափով և, ըստ ամենայնի, կարող է դառնալ փոթորիկ մեկ բաժակ ջրում՝ որոշակի խնդիրներ առաջացնելով հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։ Իհարկե, տվյալ դեպքում՝ Խաչատուրովի գործն ընդամենն առիթ է ավելի լայն համատեքստի համար։

Բանն այն է, որ Հայաստանն այլևս նպատակահարմար չի համարում Խաչատուրովին տեսնել իր այսօրվա կարգավիճակում ու դա բնական է, որովհետև մի կողմից՝ նա մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, մյուս կողմից՝ Երևանի համար անպատվաբեր կլինի նման ներկայացուցիչ ունենալ միջազգային կառույցում։ Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է. «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»։

Մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է և խիստ բնական է, որ իշխանությունները մտադիր են Խաչատուրովին փոխարինել նոր ներկայացուցչով։ Ըստ ամենայնի՝ հենց այս նախաձեռնության շուրջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Համենայն դեպս՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ և քննարկվել է նաև ՀԱՊԿ-ում երկու երկրների փոխգործակցության հարցը։

Մանրամասները՝ այստեղ

Загрузка...