Загрузка...

Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը սպասում են իրենց առաջնեկին։ 2017-ի հոկտեմբերին ամուսնացած զույգի ընտանիքում 2018–ի հոկտեմբերին արդեն կլսվի մանկան ճիչը։ Հղիության լուրը խնամքով թաքցրած դերասանուհին այս մասին առաջին հարցազրույցն ու ֆոտոշարքը վստահել է Tert.am Life–ին։

Քրիստինայի ֆոտոշարքն իրականացրինք բնության գրկում, զրույցի համար էլ նախընտրեց գնալ այգի, որտեղ կարելի է խաղաղ պայմաններում մաքուր օդ շնչել ու անկեղծ զրուցել։ Կարոն ու Քրիստինան արդեն ընտրել են փոքրիկի անունը, թեև նախընտրում են առայժմ չհրապարակել։

Այս ամենը մեզ համար հրաշք է

Դերասանուհին նոր կարգավիճակում իրեն երջանիկ է զգում։ Ասում է` այս ամեն իր և ամուսնու համար հրաշք է. «Աստված մարդուն հրաշք է պարգևում` կյանք տալով։ Երբ ապրելու ընթացքում շարունակում ես հավատալ հրաշքին, քո կյանքում սկսում են անընդհատ հրաշքներ տեղի ունենալ և կարողանում ես ինքդ կյանք պարգևել։ Սա ուղղակի աստվածային զգացողություն է, որը ոչ մի կերպ չեմ կարող բացատրել բառերով։ Հիմա հրաշքի ենք սպասում»։

Մեծ երջանկությունը բառերով փոքրացնել չցանկացող դերասանուհին ամուսնուն էլ առանց խոսքերի է հայտնել հղիության լուրը։ «Երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, մեր սենյակը թեմատիկ զարդարել էի փուչիկներով, կոնֆետներով։ Կարոն մտավ ներս ու միանգամից հասկացավ` ինչ եմ ասելու իրեն»,– ասաց նա։

Սեռը կարևոր չէր

Քանի դեռ երեխայի չես սպասում, մտքումդ հազար ու մի նախապայման ես ունենում, սեռի, արտաքին տեսքի վերաբերյալ, սակայն այս ամենը մղվում է երկրորդ պլան, երբ ունենում ես հրաշքի զգացողությունը։ Քրիստինան ասում է, որ կյանքի այս փուլն այնքան լեցուն է, որ չէր մտածում` աղջի՞կ կունենան, թե՞ տղա։ «Մենք ուղղակի շատ ուրախ էինք, որ նման բան է եղել մեր կյանքում։ Այնուամենայնիվ, մինչև սեռը ճշտելը որոշակի զգացողություններ ունեի։ Սկզբում զգացողություն ունեի, որ աղջիկ ենք ունենալու, սակայն երբ «էխո» արեցին և երեխայի նկարը տվեցին մեզ, նայեցի ու զգացի, որ տղա ենք ունենալու։ Այդ պահին հասկացա, որ այլ կերպ լինել չի կարող։ Ավելի ուշ գնացինք սեռն իմանալու, ասացին, որ, իսկապես, տղա է»,– պատմեց Քրիստինան։

Թեև փոքրիկի սեռն արդեն հայտնի է, մայրիկը գնումներ անել չի շտապում։ Ասում է` մեծերն ասում են չի կարելի վաղ սկսել պատրաստությունը, ինքն էլ հետևում է նրանց խորհրդին. «Մտածում եմ` մեծերը մի բան գիտեն, որ այդպես են ասում։ Բացարձակ սնահավատ չեմ, սակայն այս առումով մի քիչ խոցելի ես դառնում»։

Պատկերացնում եմ` ինչպիսին է լինելու մեր որդին

Որդու հետ առաջին հանդիպումը Քրիստինան հաճախ է պատկերացնում, սակայն անհամբերությունն իրեն չի խանգարում վայելել հղիության ընթացքը. «Ես հասկացել եմ, որ որքան էլ անհամբեր լինես, ամեն ինչ լինում է իր ժամանակին։ Ինձ մնում է սպասելու ընթացքում վայելել կարգավիճակս ու այս փուլից սկսել երեխայի դաստիարակությունը։ Հիմա ավելի շատ եմ դասական երաժշտություն լսում։ Կարծում եմ` այս շրջանում դա շատ կարևոր է իր զարգացման համար։ Նաև բնության գրկում եմ հաճախ լինում, իր համար խաղաղ միջավայր եմ ապահովում։ Միշտ սիրել եմ բնությունը։ Վիրտուալ կյանքի աժիոտաժի մեջ սա միակ տեղն է, որտեղ ինձ մոտ եմ զգում իմ իրական կյանքին։ Քաղաքի մեջ փորձել եմ գտնել այն տեղը, որն ավելի մոտ է վայրի բնությանը։ Բացի այս ամենը, մենք շատ ենք խոսում իր հետ, իհարկե, չեմ բացահայտի, թե ինչի մասին։ Դրանք մեր անձնական խոսակցություններն են։)»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...