Загрузка...
Մասիսի քաղաքապետի կինը դիմում է վարչապետին Նիկոլ Փաշինյանին

Մասիսի քաղաքապետի կինը՝ Քրիստինե Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, նախ շնորհավորում եմ Ձեզ՝ծննդյան տոնի կապակցությամբ:Գրում եմ Ձեզ՝որպես Մասիսի քաղաքապետի՝Դավիթ Համբարձումյանի կին, այն քաղաքապետի, ով իր պաշտոնավարման օրից ի վեր անձնուրաց նվիրվել է Մասիս քաղաքին, ով ջանք ու եռանդ չի խնայել քաղաքի բարելավման գործում: Այդ ամենը փաստում է Մասիսի բնակչությունը՝խաղաղ ցույց կազմակերպելով։Այդ ամենը փաստում են լրատվամիջոցները, հաշվետվությունները, արձանագրությունները և ,ի վերջո ,կենդանի ապացույցները:
Իմ ամուսինը երեք երեխաների հայր է, պարկեշտ անձնավորություն, ով երբեք իրեն թույլ չէր տա նման անիրավ գործողություն կատարել: Այն տեսանյութերը, նկարները, որոնք հայտնվել են համացանցում և վերագրված են Դավիթ Համբարձումյանին, նրա հետ որեւէ կապ չունեն ։Հավաստիացնում եմ Ձեզ ՝ այդ ամենը զրպարտություն են: Խնդրանքս մի պարզ բան է. վերականգնել արդարությունը: Թույլ չտալ,որ նվիրյալ այրը դառնա ապատեղեկատվության զոհը, քանզի դուք նույնպես արդարության կողմնակիցն եք»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։
Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, միջոցներ ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Загрузка...