Загрузка...

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով այսօր տեղի է ունեցել «Զեյթուն 3» թաղամասի շահառուների ֆինանսավորման մրցույթի փաթեթի բացումը: Այս մրցույթն անցկացվել է բանկերի և վարկային կազմակերպությունների միջև: Մրցույթին  մասնակցել է 7 բանկ և 1 վարկային կազմակերպություն:

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ առանձնացվել է 4 լավագույն առաջարկ, որն արվել է «Արարատբանկի», «Կոնվերս բանկի», «Հայբիզնես բանկի» և ՎՏԲ բանկի կողմից:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ բոլոր բանկերը այս ծրագրի համար առաջարկել են տարեկան 6.9 տոկոս տոկոսադրույք:
Բացի ցածր տոկոսադրույքից, առաջարկվել է կանխավճարների աննախադեպ տարբերակ. Այսպես, Քարամյանի փոխանցմամբ, «Արարատբանկը» առաջարկել է 15 տոկոս, «Կոնվերս բանկը»՝ 30 տոկոս, «Հայբիզնես բանկը»՝ 20, իսկ ՎՏԲ բանկը՝ 3 տոկոս կանխավճար: ՎՏԲ բանկը նաև 30 տարի մարման ժամկետ է սահմանել:

««Զեյթուն 3» ծրագրի համար ընտրվել է ՎՏԲ բանկը, որի առաջարկն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ ստուգելու համապատասխանությունն օրենսդրությանն ու մյուս տվյալները», — հավելեց փոխնախարարը:

Արսեն Քարամյանը առաջարկվող տարբերակը որակում է հեղափոխական քայլ հիպոթեքի շուկայում, երբ բանկն ընդամենը 3 տոկոս կանխավճար է սահմանում վարկի համար: «Իրականում մրցակցություն է ոլորտում, հիմա տվյալ բանկը իր պայմանն է առաջարկում՝ վստահ լինելով, որ դրանից լավ պայման չի լինի: Սա մեր լավագույն տարբերական է եղել ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում: Սա ունի նաև օբյեկտիվ ընթացք, քանի որ խոշոր հաշվով ամբողջ աշխարհում փողն էժանացել է: Եվ մենք, որպես համաշխարհային տնտեսության փոքր մասնիկ, մեզ վրա նաև կրում ենք այդ բարերար ազդեցությունը», — նկատեց Քարամյանը:

Նշենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով առաջիկայում մեկնարկելու են Վերածնունդ թաղամասի շինարարական աշխատանքները: Անդրադառնալով այս թաղամասի համար նախատեսվող պայմաններին՝ Քարամյանն ասաց, որ մրցույթի հրավերը բանկերին, ամենայն հավանականությամբ, կուղարկվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

«Դրանից առաջ՝ մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատված, կունենանք վիճակահանություն: Այդ վիճակահանությունից հետո մեկ շաբաթյա ժամկետում բոլոր շահառուները կվճարեն մասնակցությունը հավաստող նախավճար՝ 500 հազարական դրամի չափով: Այնուհետև, երբ աշնանը տեղի կունենա բանկի մրցույթը, հայտնի կլինի կանխավճարի չափը, ևս մեկ շաբաթվա ընթացքում շահառուները կլրացնեն տարբերությունը, հետո կսկսվի շահառուների վարկավորումը: Իսկ մինչ այդ, վստահ եմ, որ հունիս-հուլիս ամիսներին մենք լայն թափով կսկսենք շինարարական աշխատանքները», — ասաց նա:

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրն իրականացնում է 2008 թվականից և իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների միավորումը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Արսեն Քարամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը շահագրգռված է, որ երիտասարդների համար այս ծրագիրն իրականացվի:

Загрузка...