Հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետևյալը. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: … Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Վերջապես (Փաշինյանի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ» (Aravot.am 12.05.2018):

Загрузка...
Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը: Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՛ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Загрузка...