Загрузка...

 Aravot.am-ը գրում է.
Երեկ հանրահավաքի ժամանակ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացավ հարթակ եւ ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ:

Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները խիստ բարկացել են՝ իրենց անունից ինչ-որ մեկը փորձում է խաղ խաղալ:

Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենն ասաց. «Աբսուրդ է դա: Հանրահավաքից հետո գնացել եմ այնտեղ, դերասան Հայկոն էր այնտեղ, ասել եմ՝ դա իրենց կողմից բացթողում էր: Հարցրեցի՝ դրա համար պատասխանատու մարդ կա՞ր, ասացին՝ չէ: Ես չգիտեմ իմաստը որն էր դրա, PR ինչ-որ շոու-մոու են ուզում արդեն կազմակերպեն, բայց դե սիրուն բան չեն անում համենայնդեպս»:

Մենք նաեւ զրուցեցինք Ռոբերտ Աբաջյանի իրական պապիկի՝ Գեւորգ Աբաջյանի հետ: Նա ասաց. «Շատ վատ եմ վերաբերվում, որ իմ անվան տակ ելույթ են ունենում: Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, այս մի քանի օրվա իրադարձությունները, այդ ելույթն ինձ շատ վատ վիճակի մեջ էին գցել»:

Հարցին՝ սա միտումնավո՞ր են արել, ըստ Ձեզ, նա պատասխանեց. «Ես չեմ իմանում, ով է նա, ինչ է, չգիտեմ: Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա: Այսօր պաշտպանության նախարարությունից էլ էին ինձ հետ կապվել»:

Նա ասաց, որ ինքը հանրահավաքին, ցուցարարներին միանալու միտում չի ունեցել, որովհետեւ առողջական խնդիրներ ունի, տանից դուրս չի գալիս:

Գեւորգ Աբաջյանը մտավախություն ունի, որ նույն մարդը իր անունից այլ տեղերում էլ է ներկայանում եւ այլ քայլերի է դիմում. «Չի բացառվում, որ կարող է նման բաներ էլ արած լինի: Կարող է միտում ունի, կարող է ուզեցել է ժողովրդի հայրենասիրական ոգին արթնացնի, ոգեւորի, ժողովուրդը գիտեք ինչքան է սիրում Ռոբերտին: Երեւի օգտվելով առիթից՝ մարդն ուզեցել է իրեն ցույց տա: Բայց նեղվելը որն է, եթե ձեր անունից մեկը փորձի խոսել, դուք ի՞նչ կզգաք: Ես կեսից ջղայնացա, չէի էլ ուզում լսել ինչ է ասում, կարող է այնպիսի բաներ է ասել, որոնք ես կյանքում չէի ասի, սխալ բաներ: Ասում է՝ Դավիթը ավագ որդին է, Ռոբերտի Եղբայրը, մենք Դավիթ չենք ունեցել»:

Загрузка...