Загрузка...

«Հայ զինվորը» հատվածներ է հրապարակել քառօրյա պատերազմում քաջի մահով ընկած հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հարսնացուի՝ Գոհար Զարգարյանի օրագրից

Ես ու Մարգարիտը գնացել էինք «Հաղթանակ» զբոսայգի: Երկար չմնացինք, որովհետև Սոֆին հետներս չէր, Մարգարիտն էլ անընդհատ ասում էր` աղջիկս տանը մենակ է, տեսնես՝ մի բան կերա՞վ: Արդեն ուզում էինք տուն գալ, մեկ էլ երկու տղա մոտեցան Մարգարիտին, թե` մեզ նկարի:

Ապրիլի 2

Գիշերը Սասունը զանգեց, թե՝ կռիվ է սկսվել: Գնում եմ դիրքեր: Ամեն ինչ լավ կլինի: Մատանին պատրաստ է: Հետ գամ, կնշանվենք: Լեզուս պապանձվեց: Ո՞նց թե պատերազմ է: Ամբողջ գիշեր լաց եղա: Սասունը ժամը մեկ զանգում էր, մի քանի բառ խոսում էր, անջատում: Ասում էր՝ լաց չլինես: Մինչև առավոտվա 7-ը անընդհատ զանգում էր: Ժամը 7-ին ասեց` արդեն պիտի հեռախոսն անջատեմ, հենց կարողանամ, կզանգեմ: Ամեն ինչ լավ կլինի, սիրում եմ քեզ: Ինն անց կեսին Սասունից հաղորդագրություն ստացա. «Դուխով, գլուխդ երբեք չկախես: Սիրում եմ քեզ, դու գանձ ես»: Հետ զանգեցի, հեռախոսն արդեն անջատված էր:

Մարգարիտն էլ վառարանը մաքրելիս ընկել է, գլուխը ճղել: Գլխին յոթ հատ կար են դրել: Ոտքի վրա կանգնած չեմ կարողանում մնալ, թվում է, ուր որ է, կուշաթափվեմ:

Անընդհատ հեռախոսս զնգում է: Հարսս չի թողնում պատասխանեմ զանգերին, ասում է` ընկերուհիներդ են, գիտեն, որ Սասունը զինվորական է, պատերազմի մասին են հարցնում, զանգերին մի՛ պատասխանի: …Ու ինչ-որ բան են քչփչում:

Ժամանակը կանգնել է: Զանգի՛, Սասո՛ւն, զանգի՛:

Հարսս ասում է` կարող է՝ Սասունը վիրավորված լինի: Տեր Աստված, ումի՞ց մի լուր իմանամ: Մի քիչ հետո Սասունենց տուն ենք գնալու: Մերոնք հաստատ մի բան գիտեն, ինձ չեն ասում: Ամբողջ մարմնով ցնցվում եմ… Սասուն ջան, շատ եմ խնդրում, զանգի, զանգի, զանգի, զանգի…

Օրագիրն այստեղ ընդհատվում է: Մնացածը նման է առասպելի…

Հանկարծ Սասունը գոռաց` հրամանատար, սրանք ինձ «դավադիտ» արին, մտնում եմ, փրթեմ: Ասաց ու կանգնեց հասակով մեկ, սկսեց կրակել` գնդացրային մահ թափելով թշնամու վրա: Թշնամիները հնձած խոտի պես թափվում էին: Սասունը շարունակում էր կրակել: Մինչև… ընկավ: Գնդակը որովայնին էր դիպել: Փորձում էր ոտքի կանգնել, բայց չէր կարողանում: Չեմ վիրավորվել` ասում էր, թեթև բան է, զենքս տվեք: Հետո գումարտակի հրամանատարը Սասունին դրեց իր կրծքին ու մեջքի վրա սողալով հանեց մարտադաշտից:

…Երբ տղաներն իմացան, որ Սասունն էլ չկա, անհավանական բան կատարվեց:

Загрузка...