1-in.am-ը գրում է․ « Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվեց Լևոն Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Մինչև այս ծանր, ողբերգական գործով դատական նիստին անցնելը հարկ է նշել, որ քրեական գործեր քննող դատավորների կենտրոնացումը երևանյան ընդամենը երեք դատարանների շենքերում առաջացրել է անհարմարություններ, որոնք առաջիկայում ավելի նկատելի կլինեն, կարող են դառնալ դատական նիստերի հետաձգման կամ դռնբաց նիստերի հրապարակայնության խոչընդոտման պատճառ:

Մասնավորապես, այսօր Կենտրոնի դատարանի առջև խմբված էին բազմաթիվ քաղաքացիներ: Նրանց մի մասը պարզապես ֆիզիկապես չէր տեղավորվել նախկինում քաղաքացիական գործերի քննության համար նախատեսված փոքրիկ դահլիճիկում, որտեղ արդեն քննելու են քրեական գործեր, և որտեղ այդ պահին քննվում էր հավաքվածների հարազատի գործը:

Загрузка...

Կենտրոնի դատարանի շենքում վեց դահլիճ կա՝ քիչ թե շատ՝ չափսերով քրեական գործերի քննության համար հարմար: Բայց նույն դատարանի շենքում, իմ տեղեկություններով, քրեական գործեր քննող ինը դատավոր է նստում այսօր, հետևաբար՝ նրանցից ոմանք իրենց նիստերը կանցկացնեն այնպիսի դահլիճիկներում, որտեղ նախկինում միայն քաղաքացիական գործեր էին քննվում, և որտեղ հազիվ կարող է տեղավորվել մի քանի մարդ:

Երեկ Նորքի չորրորդ զանգվածում գտնվող դատարանում մեկը մյուսի հետևից հետաձգվում էին դատական նիստերը, քանի որ մեծ դահլիճում ընթանում էր «Սասնա Ծռեր2» գործի քննությունը, խնդիր էր առաջացել այլ գործերով կալանավորների տեղափոխության հարցով:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում դատավորների աշխատակազմերը տեղեկատվություն չեն նշում՝ քաղաքի որ դատարանում է քննվում գործը: Երեկ մի քաղաքացի, ում քրեական գործը ժամը 14-ն անց 30-ին պետք է քննվեր Էրեբունու դատարանում, գնացել էր այնտեղ, այնտեղից ուղարկվել էր Նորքի զանգվածի դատարան, տեղ էր հասել ժամը 15-ն անց 10 րոպեին, որպեսզի տեղեկանա, որ նշված գործով նիստը հետաձգվում է….

Այն պայմաններում, երբ Շենգավիթի ու Նորքի զանգվածի դատարաններում շաբաթվա մի քանի օր մեծ դահլիճները զբաղված են «Սասնա Ծռերի» ու մի քանի այլ աղմկոտ գործերի քննությամբ, այդ դատարաններում միանգամից ավելացնել քննվող քրեական գործերի թիվը՝ նշանակում է ավելացնել օրըստօրե հետաձգվող դատական նիստերի, հետևաբար՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ ձգձգումների քանակը, խախտել գործերը ողջամիտ ժամկետներում քննելու կարևոր սկզբունքը:

Դատարանների փոքրիկ, քրեական գործերի քննության համար չհարմարեցված դահլիճիկներում առաջիկայում առաջանալու են գործերի քննության հրապարակայնության հետ կապված խնդիրներ, քանի որ հարց է առաջանալու՝ լրագրողի՞ն թույլ տալ դահլիճ, թե՞ դատվողի հարազատին, կամ՝ կոնկրետ ո՞ր լրագրողներին ներս թողնել, իսկ որոնց առաջ փակել դռնբաց դատական նիստի դուռը:

Սա՝ մտահոգությունը՝ քրեական գործեր քննող երևանյան դատարաններում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ:

Գործը, որի դատական քննությունը սկսվեց դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հերթական վրաերթի ողբերգական գործ է՝ վրաերթի զոհ են դարձել 80-ամյա տատիկն ու 3-ամյա թոռնիկը:

Ամբաստանյալի աթոռին 29-ամյա Լևոն Խաչատրյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 14-ին, ժամը 11-ն անց 20-ի սահմաններում Լևոն Խաչատրյանն իր անձնական օգտագործման «BMW» մեքենայով երթևեկել է Բաբաջանյան փողոցի կողմից Անդրանիկի փողոցի ուղղությամբ: Բաբաջանյան 140 շենքի մոտ Լևոն Խաչատրյանը վրաերթի է ենթարկել փողոցը դանդաղ վազքով հատող հետիոտներ, տատ ու թոռ Ծաղիկ Գրիգորյանին ու Սերյոժա Գևորգյանին»։

Մանրամասները՝ այստեղ։

Загрузка...