Champord.am-ը գրում է.

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, հարսանեկան արարողությունից օրեր անց champord.am կայքում ներկայացրել է «հետհարսանեկան խոհեր՝ հարսանեկան տնտեսագիտության մասին»։

Երբեմն մեծ առաջընթացները երևում են դետալների ու սեփական փորձի վրա։ Հարսանյաց արարողություն կազմակերպելը նմանատիպ մի փորձ էր, որը ցույց տվեց, որ առողջ մրցակցությունը՝ զարգացած տնտեսություն ունենալու առաջնահերթ բաղադրիչը, արդեն գոյություն ունիմեզ մոտ և կներթափանցի նաև այն ոլորտները, որտեղ այն դեռ չկա:

Գաղտնիք չէ, որ հարսանիքի կազմակերպման մեջ ներգրավվում են տարատեսակ ընկերություններ՝ սկսած հարսանյաց սրահից ու ծաղիկներից, մինչև հարսանյաց մեքենայի վարձույթ, խմիչքներ և սնունդ: Սկզբում տարօրինակ էր հնչում, երբ ծանոթներիցս լսում էի, թե հաճախ այս կամ այն ընտանիքը վարկ է վերցրել՝ հարսանյաց տոնը կազմակերպելու համար, բայց իսկապես, եթե ուզում ես սրտիդ ուզած տոնը կազմակերպել, ապա միջին աշխատավարձով ապրող մարդու ծախսվելիքը շատ է։ Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսների ագահությունը, և միևնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել այլ մատակարարները: Ինձանակնկալ կերպով զարմացրեց մեր հայկական գինեգործական ընկերությունների սրտաբացությունը և խելամիտ կերպով համագործակցելու պատրաստակամությունը:

Այնուամենայնիվ, այլ ոլորտների մատակարարների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր և տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին:

Загрузка...

Հասկանալի է, որ ամուսնական արարողությունը սպասարկող մատակարարները կարող են համեմատաբար ավելի մեծ գումարներ պահանջել: Ամբողջ աշխարհում է այդպես: Սա յուրահատուկ օր է, պահանջարկը մեծ է, իսկ որոշակի հատուկ ծառայությունների մատակարարները՝ քիչ:  Սակայն կա հավասարակշռության կետ, որտեղ մատակարարի և գնորդի շահերը հատվում են, և գինը այլևս չի բարձրանում: Դա օրինաչափ է աշխարհում, մինչդեռ Հայաստանում նման դեպքերը եզակի բացառություններ են:

Դիցուք, երիտասարդ զույգը որոշել է ամուսնանալ ու ցանկանում է շատ համեստ մի արարողություն կազմակերպել։ Որոշ իրեր պարտադրվածության աստիճան ընդունված են նման առիթներին։ Օրինակ, վերցնենք ամենաանհրաժեշտը՝ ծաղիկներ, վրանների և մեքենայի վարձույթի, տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բիզնես առաջարկները: Տհաճ էր, երբ նրանք իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի անգամ ավել էին պահանջում: Ու գիտեք, ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաև այլ զույգերի հետ՝ եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում։

Բայց այս ամենից զատ, անգամ սրա մեջ դրական նորություն կա Հայաստանի տնտեսության համար:  Ես մրցակցություն եմ տեսնում:  Անհիմն կերպով իրենց միօրինակ ծառայությունների և ապրանքների համար անտրամաբանական գներ սահմանաող անբարեխիղճ ընկերություններն այսօր մրցակցություն ունեն: Եվ սա 20 տարի առաջվա Հայաստանի համեմատ մեծ առաջընթաց է: Մրցակցությունը աշխատող տնտեսության նշան է: Իսկ մրցակիցները հրաշալի ծառայություն մատուցող ընկերություններն են։

20 տարի առաջ, երբ մեկ-երկու մատակարարներ  էին լինում, սպառողները չէին ունենում ընտրություն և ստիպված համաձայնում էին ցանկացած պարագայում մեծ վնասներ կրելով: Սակայն այսօր ես ամեն օր հաճելիորեն զարմանում եմ միևնույն ծառայության կամ ապրանքի նոր՝ ավելի ձեռնտու առաջարկներ գտնելով:

Պետք չէ վախենալ անգամ, եթե մատակարարը միակն է: Սեփական օրինակ բերեմ․իմ դեպքում հարսանյաց հանդիսության վրանների մատակարարը միակն էր և աստղաբաշխական գումար էր պահանաջում: Միջոց գտա նաև այդ դեպքում: Ես իմ վրանները պատրաստեցի ներկրված կտորով: Արդյունքում դա զգալիորեն ավելի մատչելի էր, քան մեկ օրով այդ վրանները վարձելը: Իսկ իմ վրաններն արդեն ես կառաջարկեմ իվենթ մենեջերներին՝ նման առիթների ժամանակ՝ վարձակալության համար շատ ավելի խելամիտ վարձավճարով:Այդ նախկին միակ մատակարարն էլ հիմա մրցակից ունի, փաստորեն:

Կարծում եմ անբարոյական է հուսահատ հարսանեկան զույգերից, ովքեր հաճախ սուղ միջոցներ են ունենում ծաղիկների, հարսանեկան մեքենայի վարձույթի համար նման գումարներ զավթելը: Ի՞նչ է պետք անել նման պարագայում: Պետք է դիմել մրցակիցներին:

Եթե մենք զարգացած տնտեսություն ենք ցանկանում ունենալ, ապա ընկերությունները պետք է է հաշվի նստեն մրցակիցների և հանրային կարծիքի հետ:

20 տարի առաջվա Հայաստանը ավելի շատ էր հիմնված անձնական ծանոթությունների և ուժի վրա: Դու պետք է ընդունեիր միակ մատակարարի ցանկացած պահանջած գինը: Սակայն Հայաստանը զարգանում է՝ ստեղծելով մրցակցություն բոլոր ոլորտում:Սա լավ է տնտեսական ակտիվության և սպառողների համար:

Այսպիսով միանգամից մի վստահեք միակ մատակարարներին: Փնտրեք, փորձեք գտնել այլ տարբերակներ: Շատ հավանական է, որ Դուք ավելի լավ և առավել մատչելի տարբերակներ կգտնեք:

Մրցակցությունը առողջարար է: Մի փոքրիկ դիտարկում էլայն ընկերություններին, որ դեռ հին տնտեսական օրենքներով են շարժվում.

  1. Մի եղեք երեսպաշտ՝ ձևացնելով, թե ցանկանում եք զարգացնել Հայաստանը, քանի որ Ձեր գործերը տրմագծորեն հակառակն են ցույց տալիս:
  2. Զգուշացեք մրցակցությունից։ Հայերը ստեղծագործ և աշխատասեր ժողովուրդ են: Դու երբեք միակը չես լինի: Մրցակիցներն ամեն օր դառնում են Ձեզնից լավը:
  3. Ուշադիր եղեք հանրային կարծիքի նկատմամբ։ Որքան շատ մարդիկ են դժգոհում ձեզանից, որքան հանրային կարծիքը ձեր ընկերության նկատմամբ վատանա, այնքան ավելի շատ ձեր բիզնեսը կմոտենա իր վախճանին: Կարծիքը ձեր ընկերության մասին երկարաժամկետ հատվածում շատ ավելի կարևոր է, քան կապերը, որ կարծում եք, թե ունեք:

Տնտեսությունը ավելի ուժեղ է, քան մի ընկերությունը: Իսկ այն իր կուռ օրենքներն ունի։ Մրցակից հայկական ընկերություններն էլ միասին ավելի ուժեղ են, քան մեկ ընկերությունը: Սկսեք մրցակցել և գործեք իրական բիզնեսի տրամաբանությամբ: Հակառակ դեպքում մրցակցությունը և հանրային կարծիքը ձեզ ողջ-ողջ կուտեն:

Սիրով ձեր՝ Արիանա

Загрузка...